168.am-ը գրում է.

Բոլոր այն ժամանակավոր հոսպիտալները, որոնք Ուհանում կազմակերպվել էին կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդներին ընդունելու համար, փակվել են պացիենտների դուրս գրվելուց հետո: Այդ մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները:

«Մարտի տասին կայացել է Ուհանի մարզադաշտի «Ուչան» ժամանակավոր հոսպիտալի փակման արարողությունը: Ուհանի բոլոր ժամանակավոր հոսպիտալների թվում «Ուչանը» վերջինն է անցել հանգստի ռեժիմի: Այսօր պացիենտների վերջին խումբն ամբողջությամբ դուրս է գրվելու»,-գրում է ThePaper.cn. հրատարակությունը: Համաճարակի սկսվելուց հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր եւ ցուցահանդեսային կենտրոններ վերակառուցվել-դարձել էին ժամանակավոր հոսպիտալներ:

Մեծ քանակությամբ ապաքինված հիվանդների դուրս գրման կապակցությամբ ժամանակավոր հոսպիտալներն սկսել են փակել: Մնացած հիվանդներին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսային վարակով հիվանդների: Չինաստանում, այդ թվում՝ համաճարակի օջախում՝ Հուբեյի նահանգում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս բարելավվում է: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, անցած 24 ժամվա ընթացքում Հուբեյի նահանգում՝ համաճարակի օջախում վարակման 17 դեպք է հաստատվել (բոլոր 17-ն էլ Ուհան քաղաքում), դուրս է գրվել 1152 մարդ (896-ը՝ Ուհանում), գրանցված է մահվան 17 դեպք (16-ը՝ Ուհանում): Համաճարակի սկսվելուց ի վեր նահանգում հայտնաբերվել են արդեն վարակման 67 հազար 760 դեպք (49 հազար 965-ը՝ Ուհանում), դրա հետ մեկտեղ արդեն 47 հազար 585 պացիենտներ ապաքինվել են, 3024 մարդ մահացել է (2404-ը՝ Ուհանում): Ներկա դրությամբ նահանգում հիվանդ է 17 հազար 151 մարդ, նրանցից 4701-ը գտնվում են ծանր վիճակում, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել