Hraparak.am-ը գրում է.

«Նոր Հայաստանի» ոստիկանությունում մեր աչքի առջեւ երբեմն այնպիսի վայրագություններ են տեղի ունենում, որ կեսգիշերն անց Վստրեչի Ապերի տուն ներխուժումն ու քնած մարդկանց տեռորի ենթարկելը թեթեւ դրամաներ են թվում։ Օրինակ՝ ոստիկանությունը կարող է մի քանի րոպեով երկրորդ շարքում կայանելու համար շարքային մի տաքսիստի ծեծելով քաշ տալ ոստիկանական բաժանմունք, այնտեղ խոշտանգել՝ հարվածներ հասցնելով փորին, մեջքին, սեռական օրգաններին, վերջում էլ ստիպել, որ սուտ ցուցմունք գրի, թե ոչինչ էլ չի եղել, եւ մարսել այդ ամենը։ Այն, ինչ նկարագրեցինք, տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ փետրվարի 21-ին, Սասուն Եղիազարյան անունով քաղաքացու հետ, որը տաքսի է վարում։ Այս դեպքի մասին մենք էլի ենք գրել։ Երեկ զրուցեցինք Սասուն Եղիազարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գործը, արդյոք քրգործ հարուցվե՞լ է։

Նախ հակիրճ ներկայացնենք եղելությունը։ Փետրվարի 21-ին Սասունն ուղեւոր է վերցնում՝ մի կին եւ մի տղամարդ, որոնք խնդրում են իրենց հասցնել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, այնտեղ սպասել մի քանի րոպե, որ մտնեն, ինչ-որ թուղթ վերցնեն, նորից շարունակեն ճանապարհը։ Ու քանի որ ոստիկանության բակում տեղ չի լինում կանգնելու, Սասունն իր Toyota Camry մակնիշի մեքենան ստիպված կայանում է երկրորդ շարքում, մինչեւ ուղեւորները վերջացնեն գործը, գան։ Այդ ընթացքում նրան է մոտենում ոստիկանության մի ավագ ենթասպա ու կոպիտ հրամայում․ «Արա՛, ավտոդ ստեղից հանի, ստեղ չի կարելի կանգնել»։ Տաքսիստը փորձում է հանդարտ տոնով բացատրել, որ երկու րոպեով է ընդամենը կանգնել, պատվիրատուն հիմա դուրս կգա, գումար էլ չեն վճարել, եթե ինքը տեղաշարժի մեքենան, կարող է գան՝ իրեն չգտնեն։ Հետո մեկ այլ ոստիկան է մոտենում՝ հորդորելով մեքենան հանել տարածքից։ Նույնը բացատրում է նաեւ այս ոստիկանին։ Այստեղ միջամտում է առաջին ոստիկանը՝ սպառնալով, թե «կարո՞ղ ա ԳԱԻ կանչեմ վրեդ»։ Տաքսիստն ասում է՝ կանչիր։ Ոստիկանը մտնում է ներս, հետո վերադառնում մոտ 10 այլ ոստիկանների հետ, եւ այն պահին, երբ Սասուն Եղիազարյանը փորձում է մեքենան տեղաշարժել, հարձակվում են վրան, հենց մեքենայի մեջ հարվածում, հեռախոսը վերցնում ձեռքից, որ չնկարի, հետո մեքենայից հանում-պառկեցնում են ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնում եւ ուժով քաշ տալիս ոստիկանական բաժանմունք։

Այդ ամենը տեղի է ունենում բազմաթիվ անցորդների, նաեւ տաքսու այն ուղեւորների աչքի առջեւ, որոնք արդեն դուրս եկած են եղել ոստիկանությունից։ Սասուն Եղիազարյանին ծեծելով բարձրացնում են չորրորդ հարկ, մտցնում մի աշխատասենյակ, որտեղ քաղաքացիական հագուստով ոստիկան է լինում։ Նա, Սասունի ենթադրությամբ, հավանաբար՝ պետի տեղակալը, չի ներկայանում, բայց մոտ 15 րոպե ծեծում է տաքսիստին՝ ապտակներ, հարվածներ հասցնում։ Տաքսիստը պահանջում է, որ օրենքը պահպանեն՝ իրեն փաստաբան տրամադրեն, զանգելու հնարավորություն տան, բացատրեն, թե ինչու են բերել ոստիկանություն եւ այլն։ Բայց նրա ոչ մի պահանջը չի կատարվում։ Նաեւ իրեն վատ է զգում եւ խնդրում է շտապօգնություն կանչել, դա էլ են մերժում։ Եղիազարյանի խոսքով՝ ոստիկանների հարվածներից մինչ օրս ցավ է զգում հատկապես սեռական օրգանների շրջանում եւ պատրաստվում է դիմել բժշկի։

«Ես իրեն ասացի, որ ես էստեղից որ րոպեին դուրս եկա, համապատասխան վայրում բողոք եմ ներկայացնելու։ Իսկ ինքն անընդհատ մոտենում էր ինձ, ապտակում էր, թե «գնալու ես բողոք գրես վրես, հա՞»։ Ես էլ ասում էի՝ հա, գնալու եմ գրեմ ու պահանջելու եմ, որ պատժվեն ինձ էս վիճակի մեջ գցող մարդիկ։ Դրանից հետո ներս է մտնում մայորի կոչումով մի ոստիկան ու բարձր ձայնով ասում է՝ «հանկարծ էս տղուն մեկդ մատով չկպնի, էս ի՞նչ ձեւ եք ձեզ պահում», ու հրամայում է դուրս գան կաբինետից։ Բոլորը դուրս են գալիս, բացի այդ քաղաքացիական հագուստով ոստիկանից»,-պատմեց Սասուն Եղիազարյանը։ Նրան պահում են մինչեւ ժամը 5-ը։ Նորից է խնդրում շտապօգնություն կանչել, քանզի իրեն վատ է զգում, 5-ի կողմերը գալիս են բժիշկները, որոնք ֆիքսում են, որ մարմնի վրա վնասվածքներ կան, նաեւ՝ որ առողջական խնդիր ունի այդ պահին, եւ խորհուրդ են տալիս տեղափոխվել Արաբկիրի հիվանդանոց։

«Ես հրաժարվում եմ դրանից, որովհետեւ մեքենաս իրենց մոտ էր, ու իրենք, քանի որ խոստացել էին, որ իմ գլխին գործ կսարքեն, ես վախեցա մեքենաս թողնել բաժնում եւ գնալ, որովհետեւ մտածում էի՝ գնամ, իմ գլխին հաստատ գործ կսարքեն։ Դրա համար բժիշկներին ասացի՝ ես հրաժարվում եմ բուժօգնության դիմելուց։ Բայց արդեն բժիշկների ներկայությամբ պահանջեցի, որ ես իրավունք ունեմ զանգ կատարելու։ Իրենք տվեցին ինձ իմ հեռախոսը, ես վերցրի զանգահարեցի 1-02 համարով եւ ասացի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ուզում տալ։ Եվ նկարագրեցի իրավիճակը։ Իրենք ինձ հանգստացրին, որ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք։ Հետո, ժամը 6-ի սահմաններում երկու ընթերակա հրավիրեցին, նրանց ներկայությամբ ինձ անձնական խուզարկության ենթարկեցին, հետո հրավիրեցին ճանապարհային ոստիկաններին, որոնք արձանագրություն կազմեցին, որ ես չթույլատրվող մասում եմ կայանել, 5 հազար դրամ ինձ տուգանեցին եւ երեք ժամը լրանալուն պես բաց թողեցին»,- ասաց Եղիազարյանը, որին այդպես էլ որեւէ բացատրություն չեն տվել, թե ինչու են իր հետ այդպես վարվել։

Դուրս է գալիս, ոստիկանները տալիս են մեքենայի բանալիները, եւ նա հայտնաբերում է, որ մեքենայում առկա 20 հազար դրամ գումարն անհետացել է։ Պարզվում է՝ այդ ընթացքում նաեւ մեքենայից են գումար հափշտակել։ Նորից զանգահարում է 1-02 եւ հայտնում նաեւ այդ մասին։ Այս անգամ էլ հորդորում են գնալ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ հաղորդում տալ այդ մասին։ Դա էլ է անում։ Գնում է վարչություն, որտեղ վատ վերաբերմունքի է արժանանում։ Սասունը նախկինում ոստիկանությունում է աշխատել, իր նախկին գործընկերները երեսով են տալիս, թե ինչու է իրենց դեմ բողոք գրել։ Ի վերջո, ըստ մեր զրուցակցի, հարուցվում է երկու քրեական գործ, մեկը՝ գողության դեպքի առթիվ, մյուսը՝ ծեծի, որով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը։
Ծեծի գործով դեռ նորություն չկա, տեղյակ չէ՝ իրեն որպես տուժող ներգրավե՞լ են, թե՞ ոչ, իսկ գողության փաստով ասաց, որ երեկ արդեն ցուցմունք է տվել ու ներգրավվել է որպես տուժող։ ՀՔԾ-ից մեզ ասացին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրստվում, դեռ քրգործ չի հարուցվել, հետագա ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Դե, սա հո Սուրեն Պապիկյանի դատվածության հայտնի փաստի հրապարակումը չէ, որ անմիջապես գործ հարուցեն ու «մեղավորին» գտնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել