Pastinfo.am-ը գրում է.

Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է և դատարանը որևէ նորմալ պատճառաբանություն ներկայացնել չի կարող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Թե ինչ տրամաբանությամբ է ղեկավարվել վարույթն իրականացնող մարմինը՝ նման միջնորդություն ներկայացնելու, չգիտեմ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ ներկայացվել է իրավիճակը, որ նա բուժում է ստանում արտերկրում և սպասվում է հերթական վիրահատությունը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն ոչ միայն չկարողացավ կատարել իր պարտավորությունները և պատշաճ բուժօգնություն ցույց տալ Մայրապետյանին, փոխարենը՝ նրան անազատության մեջ պահելու պայմաններում լրացուցիչ խնդիրներ առաջացան, որի հետևանքով բազմաթիվ վիրահատություններ է տարել։

«Երբ մենք բարձրաձայնում էինք, որ անազատության մեջ գտնվելու պայմաններում նրա առողջությանն անդառնալի վնաս է պատճառվելու, մեզ լսող չկար, սակայն փաստը մնաց փաստ, որ անազատության հետևանքով նրա մոտ լրացուցիչ խնդիր առաջացավ, որի հետևանքով նա վիրահատվեց և մի շարք վիրահատություններ տարավ այն բանից հետո, երբ մեկնեց արտերկիր։Նրան հերթական վիրահատությունն է սպասվում, բայց վարույթն իրականացնող մարմինը և ՀՀ-ն՝ ի դեմս մի շարք մարմինների, ամեն ինչ անում են, որ Մայրապետյանը չկարողանա բուժօգնություն ստանալ նաև արտերկրում »,- նշեց պաշտպանը։

Ըստ Սահակյանի՝ Մայրապետյանի նկատմամբ կա հատուկ խտրական վերաբերմունք։ Դիտարկմանը, որ վարույթն իրականացնող մարմինը գուցե որոշակի ժամկետով է թույլատրել Մայրապետյանին մեկնել արտերկիր, Լուսինե Սահակյանն ասաց, որ ժամկետներ չեն կարող սահմանվել, բայց Մայրապետյանին շատ մեծ ցանկությամբ չէ, որ թույլ տվեցին, որ նա մեկնի։

«ՄԻԵԴ-ի միջամտությամբ նա գնաց։ Այլապես նրան թույլ էլ չէին տա մեկնել։ Խնդիրն այն է, որ նա պետք է բուժում ստանա և վերադառնա, այսինքն՝ բուժումը պետք է ավարտվեր։ Չի կարող վիրահատությունների մի մասն արվի, մյուս մասը՝ ոչ և նա վերադառնա։ Ընդ որում՝ նրան սպասվում է այն վիրահատությունը, որի համար ԵԴ-ն գտել է, որ ՀՀ-ում նման վիրահատություն չի կատարվում և միջամտել է, որ նա մեկնի արտերկիր»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ ՀՀ-ում փորձաքննություն է նշանակվել և գտել են, որ հետազոտությունները ՀՀ-ում կարող են իրականացվել, իսկ ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա՝ անհասկանալի բառակույտ է ներկայացված և վարույթն իրականացնող մարմինն էլ գտնում է, որ հետազոտությունները կարող են իրականացվել ՀՀ-ում, մինչդեռ՝ Լուսինե Սահակյանը վստահեցնում է, որ հետազոտության խնդիրը չէ, այլ՝ վիրահատության. «Փաստաթղթերը ներկայացվել են։ Վիրահատություն է սպասվում նրան, բայց դա չի կանգնեցրել վարույթն իրականացնող մարմնին և նրանք գտնում են, որ Մայրապետյանը պետք է վերադառնա Հայաստան»։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Քննիչի որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին որոշում էր կայացվել։

Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով։ 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին նա 30 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ Նրա համար անձնական երաշխավորություն էին տվել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նշենք, որ նրան մեկնելու հնարավորություն տրվեց ՄԻԵԴ որոշումից հետո. 2019 թ. հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ։

Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր երկրից դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին եւ այդ նպատակով տեղափոխվել էր Գերմանիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել