Hraparak.am-ը գրում է.

Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան վրա ոստիկանական հարձակումից հետո Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն երկու անգամ փորձել են, այսպես ասած, փռել ասֆալտին, սակայն չի հաջողվել։

Դրանից հետո նա մոտ երկու ամիս Հայաստանում չի գտնվել։ Դրա համար էլ նրան զանգել և գործարք են առաջարկել՝ գալ Հայաստան, «թույլ տալ», որ իրեն փռեն ասֆալտին, որ դա նկարեն, ցույց տան «վերևներին», որից հետո հա՛մ իր համար լավ կլինի, հա՛մ՝ կոնկրետ անձանց։

Hraparak.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վստրեչի Ապերին ոստիկանական ուժերի կողմից «ասֆալտին փռելու» փորձի բացառիկ տեսանյութը, որտեղ ոստիկանները Արամ Վարդանյանի տան դիմաց մի քանի մեքենայով շրջափակում են Mercedes G-Class մակնիշի ամենագնացը, որում այդ պահին գտնվում էր Վարդանյանը ու հարձակվում նրա վրա, որ փռեն ասֆալտին։ Սակայն այդ պահին օգնության են հասնում Վստրեչի Ապերի ընկերներն ու «բոյ» տալիս ոստիկանների դեմ՝ թույլ չտալով Ապերին բռնել։ Արդյունքում Արամ Վարդանյանին հաջողվում է փախչել մտնել դարպասներից ներս։ Ոստիկաններն էլ քոռուփոշման թողնում հեռանում են՝ իրենց հետ տանելով Արամ Վարդանյանի կողմնակիցներից մեկ-երկուսին, որոնք հետո ազատ են արձակվում։ Նկարագրված դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 18-ին, ինչը երևում է տեսագրության մեջ։

«Ասֆալտին փռելու» անհաջող մի փորձ էլ ոստիկանությունն իրականացրած է եղել անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, երբ Արամ Վարդանյանը վերադառնալիս է եղել իր սանիկի հոգեհանգստի արարողությունից։ Այդ ժամանակ էլ Վստրեչի Ապերին հաջողվել է խույս տալ ոստիկաններից։ Դրա համար էլ, ըստ Վարդանյանի տված հարցազրույցի, քանի որ նրան չեն կարողացել բռնել, առաջարկել են գնալ գործարքի՝ գալ և ինքնակամ «փռվել ասֆալտին», որ նկարեն, շոու անեն, կոնկրետ անձանց ցույց տան։

Հ․Գ․ Տեսանյութը և հոդվածը Hraparak.am-ինն է, խնդրում ենք այն չգողանալ, այլ լրատվամիջոցներով չտարածել, իսկ տարածելու բուռն ցանկության դեպքում գոնե զգուշացնել, ստանալ մեր համաձայնությունը, որից հետո նոր պատշաճ հղումով այն վերահրապարակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել