Hraparak.am-ը գրում է․

Հատուկ քննչական ծառայությունը երկակի ստանդարտներ է կիրառում, մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի աղաղակող փաստերը թողած, զբաղված է նախարար Սուրեն Պապիկյանի քմահաճույքները կատարելով։ Մենք գրել էինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մասին մեր հրապարակման վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, անգամ մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնյա Սերոբ Հարությունյանին, որը մեր հրապարակման հետ որևէ կապ չունի։

Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք Պապիկյանի կյանքից մի դրվագ՝ նախկինում նրա դատվածության մասին, որը որևէ կերպ չէր կարող լինել անձնական կյանքի գաղտնիք, քանի որ Պապիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, և հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու նրա ամբողջական կենսագրությանը։ Այս հոդվածի հրապարակման և հարուցված քրգործի առնչությամբ մեզ հետ կապվել էր պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը։ Նա պատմեց, որ 2019 թվականին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանրայնացրել է իր անձին վերաբերող գաղտնի ինֆորմացիա, սակայն դատախազությունը մերժել է քրեական գործի հարուցումը։ Բանն այն է, որ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին էր տրամադրել Խաչատրյանի զինվորական ծառայությանը վերաբերող տվյալներ, որոնք պահվել են պաշտպանության նախարարությունում և կնքված են եղել գաղտնի դրոշմանշանով։ Հովհաննիսյանը նաև հրապարակել է Խաչատրյանի դատվածությանը վերաբերող տվյալներ՝ իբրև Խաչատրյանը դատապարտված է եղել 5 անգամ, սակայն վերջինս պնդում է, որ այդ տեղեկությունը սուտ է, և «Datalex»-ում երբևէ բան նշված չէ, որ ինքը 5 անգամ դատապարտված է եղել։ Խաչատրյանը ՀՔԾ-ում մեր հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործից հետո կրկին դիմել է ՀՔԾ-ին, սակայն պատասխանել են, որ որևէ հանցակազմ չեն գտել Խաչատրյանի տված հաղորդման մեջ․ 

«ՀՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստացվել և քննարկվել է Ձեր 2020 թվականի մարտի 3-ի « հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը, որի կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեր 2019 թվականի օգոստոսի 12-ի հաղորդման հիման վրա նախատեսված նյութերի և Սուրեն Պապիկյանին առնչվող դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի փաստական հանգամանքները նույնանման չեն, ուստի դրանց վերաբերյալ քրեադատավարական իմաստով կայացվել են տարբեր որոշումներ։

Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակցի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին դատվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունները հանրամատչելի են և հրապարակված «datalex․am» դատական տեղեկատվական համակարգում, ուստի ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի իմաստով չեն կարող հանդիսանալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնական հանցագործություններ կատարելու վերաբերյալ Ձեր դատողություններին, ապա դրանք չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրով նախատեսված որևէ հանցագործության մասին տեղեկություններ, վերաբերում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի և դատախազի կողմից կայացված որոշումների կապակցությամբ Ձեր՝ որպես առերևեւյթ հանցագործության մասին հաղորդում տված անձի դիտարկումներին, գնահատականներին, մինչդեռ որպեսզի ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացված հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերով, պետք է պարունակի կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Էմմա Կարապետյանի վերաբերյալ 13.07.2007 թ կայացված ՎԲ-133/07 որոշմամաբ։

Այսպիսով՝ Ձեր «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը չի բովանդակում հանցագործության մասին տեղեկություններ հետևաբար չի կարող ստուգվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով։

ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Մարտիրոսյան»,- գրված է Խաչատրյանին ուղարկված ՀՔԾ պարզաբանման մեջ։

Մեզ հետ զրույցում Խաչատրյանը վստահեցրեց, որ հրապարակվել են նաև իր ծառայությանը վերաբերող տվյալներ, սակայն ՀՔԾ-ն դրանց հրապարակման վերաբերյալ լռում է։ Խաչատրյանը դիմում է գրել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, որպեսզի կարողանա վերականգնել իր ոտնահարված իրավունքները։ 

«Նախ ՀՔԾ-ի համապատասխան պաշտոնատար անձ Մարտիրոսյանը 12/12/3142-20 առ 06.03.20թ-ի գրության մեջ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազությունում 02.03.20 թվականի բանավոր կերպով տրված հանցագործության մասին հաղորդումն անվանել է «դիմում»։ Հարկ եմ համարում ընդգծել այն փաստը, որ 20.02.20-ին ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան պաշտոնատար անձը իմ կողմից տրվող՝ հանցագործության մասին հաղորդումն ընդունել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի բոլոր պահանջների համապատասխան, ընդհուպ ես նախազգուշացվել եմ սուտ մատնություն կատարելու դեպքում պատասխանատվության մասին, ուստի իմ կողմից տրված հաղորդումը նախ որպես դիմում անվանելն իրավազուրկ է, և դրա առնչությամբ պարտադիր կերպով պետք է կայացվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, սիկ նախքան այդ պետք է իրականացվեին այդ օրենքի 180-րդ հոդվածով սահմանված գործառույթները։ Իմ կողմից տրված հանցագործության մասին հաղորդման մեջ նշվել է այն, որ հանրայնացման է տրամադրվել թե իմ դատված լինել-չլինելու և թե իմ զինվորական ծառայությանն առնչվող տեղեկությունները, որոնք կեղծ էին և ՀՔԾ-ի պաշտոնատար անձը այդ հանգամանքներին առհասարակ չի անդրադարձել։ «Datalex»-ում գոյություն չունի իմ՝ «5 դատվածության» մասին որևէ բան, Հովհաննիսյանը տրամադրել է նաև իմ՝ զինվորական ծառայությանն առնչվող տեղեկությունները»։

Խաչատրյանի խոսքով՝ իր և Պապիկյանի դեպքերը նույնական չեն զուտ այն պատճառով, որ Պապիկյանը նախարար է, իսկ ինքը՝ ոչ, և իր դեպքում իրապես խախտվել է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, մինչդեռ Պապիկյանի դեպքում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել