Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 9-ին, կրկին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Մարալիկի ծննդատանն էին հավաքվել մարզի Սառնաղբյուր, Ձիթհան, Քարաբերդ, Անիպեմզա և այլ գյուղերի բնակիչները, մասնավորապես, հղի կանայք, նրանց ամուսիններն ու հարազատները ովքեր պահանջում էին, որպեսզի առողջապահության նախարարությունը թույլատրի Մարալիկի ծննդատանը ծննդօգնություն ցուցաբերել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարության քայլից վրդովված հղի կանայք ասում էին. «Այս վիճակում ինչպե՞ս կարող ենք հասնել Գյումրի կամ Արթիկ, որպեսզի մեր երեխաները Գյումրիի ծննդատանը ծնվեն։ Ի"րն է նպատակը, որ ուզում են մեզ ուղարկել Գյումրու ծննդատուն, երբ Մարալիկի ծննդատունը շատ լավ բուժսպասարկում է իրականացնում»։

Ծննդատան աշխատակիցներն էլ նշեցին, որ ծննդատանը մինչ օրս ոչ մի ծննդաբերութուն վատ ավարտ չի ունեցել, բոլոր աշխատակիցները՝ սկսած բժիշկներից, ընդհուպ մինչև այլ բուժաշխատողներ, կատարում են իրենց պարտականությունները պատշաճ ձևով։

Մարալիկի ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանն էլ, իր հերթին, ընդգծեց, որ այլևս սարքավորումների խնդիր չունի ծննդատունը։

«Այս պահին կոնսուլտացիայի հերթագրված է 75 հղի կին, ինչպե՞ս եք պատկերացնում, որ բոլորը, ովքեր մարզի տարբեր բնակավայրերում են բնակվում, երկար ճանապարհ անցնեն՝ հասնելու համար Գյումրի, երբ որ նույն պատշաճ ծննդօգնությունը մենք երկար տարիներ ցուցաբերում ենք մեզ մոտ։ Նախարարությունը ինչ-որ սահմանած չափորոշիչներ ունի և ըստ այդ չափորոշիչների՝ տարեկան ծնունդների թիվը չպետք է պակաս լինի 150-ից, իսկ եթե պակաս եղավ հղիները պետք է միայն կոնսուլտացիաների գան ձեզ մոտ։ Ասում են՝ գնացեք, աշխատեք, բայց ծնունդ չընդունեք։ Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ արտակարգ վիճակ լինի, հղիին էդ վիակում ասենք՝ գնա, հասիր Գյումրի՞ կամ Արթիկ»,-իրենց վրդովմունքը հայտնեցին բուժաշխատողները։

Հավաքվածները հայտարարեցին, եթե նախարարությունը շարունակի իր կոշտ դիրքորոշումը և թույլ չտա ծննդաբերությունները Մարալիկի ծննդատանը, իրենք ևս կգնան կոշտ քայլի՝ ճանապարհներ կփակեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել