Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից: Իրավազանցներից, որոնց թվում եղել են նաեւ օտարերկրացի քաղաքացիներ, առգրավվել է 1 միլիոնից ավելի դիմակ: Մարտի 9-ին այդ մասին հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Մերկացվել են մի քանի խմբեր, որոնց մեջ մտնում էին նաեւ օտարերկրացի քաղաքացիներ, դրանց բոլոր անդամները ձերբակալված են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպեկուլյատիվ գներով մեծ քանակությամբ բժշկական դիմակներ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալվել են Իրանի երեք քաղաքացիներ, ինչպես նաեւ Ադրբեջանի հինգ քաղաքացիներից բաղկացած խումբ: Մի այլ գործողության շրջանակում ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք տեղացի բնակչի գործակցությամբ գնել են մեծ քանակությամբ բժշկական դիմակներ եւ պատրաստվում էին դրանք ուղարկել իրենց հայրենիք:

«Ձեռնարկված միջոցների շնորհիվ խմբավորումների անդամներից որպես իրեղեն ապացույց առգրավվել է 1 միլիոն 50 հազար բժշկական դիմակ»,- ասված է հաղորդագրության մեջ: Այս պահին Աբրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ինը դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել