Pastinfo.am-ը գրում է․

Գյումրիում ծեծի ենթարկված կնոջ և երեխայի դեպքով ստանում ենք հակասական տեղեկություններ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է World Vision Երեխաների պաշտպանության ցանցի ղեկավար Աիդա Մուրադյանը։

«Հարևաններն ասում են, որ երեխան և կինը պարբերաբար բռնության են ենթարկվել, եղել են կապտուկներ և այլն, մինչդեռ դպրոցում հակառակն են ասում։

Այնտեղ ասում են՝ երեխան երբեք բռնության նշաններ չի ունեցել, միշտ եղել է շատ ուրախ, ինչպես նաև պայծառ ու լուսավոր նկարներ է նկարել, ինչը նշանակում է՝ իր հոգեկան աշխարհը ևս հանգիստ է եղել»,-ասաց Աիդա Մուրադյանը՝ նկատելով, որ ժամանակն է խոսել դպրոցներում և ուսումնական հաստատություններում բռնության մասին հաղորդելու պարտադիր մեխանիզմ ունենալու մասին։

Աիդա Մուրադյանի կարծիքով ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կարևոր դեր ունի ԿԳՄՍ նախարարությունը. «Օրենքի պահանջն է՝ կրթության ոլորտի լիազոր մարմինն ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանիքում բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթության ծրագրերը և բացառում ընտանիքում բռնության խրախուսումը դրսևորող դասագրքերում և կրթական նյութերում զետեղումները»,-ասաց Աիդա Մուրադյանը՝ ընդգելով, որ եթե ԿԳՄՍ-ն պատշաճ կարգով իրականացներ օրենքի այս պահանջը, ապա ընտանեկան բռնության թվերը զգալիորեն քիչ կլինեին։

Աիդա Մուրադյանը հավելեց՝ բռնության կանխարգելման հարցում մեծ դեր ունեն նաև խնամակալության և հոգաբարձուների խորհուրդները, որոնց կազմում, սակայն, ոչ թե մասնագետներ, այլ կամավորներ են. «Ոստիկանությունը պետք է սկսի միջամտել այն ժամանակ, երբ արդեն հասել է պատժելու չափ։ Այսօր ոստիկանները իրենց վրա են վերցրել ոստիկան-սոցիալական աշխատողի դերը, որովհետև սոցիալական պաշտպանության համակարգը դեռևս կայացած չէ»,-հավելեց Աիդա Մուրադյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել