168.am-ը գրում է.

Նյու Յորքում խուճապ է տիրում, կորոնավիրուսի պատճառով մարդիկ, մեծ հերթեր կանգնելով, գնում են ձեռքերի հականեխիչներ, մաքրող միջոցներ, ջուր եւ առաջին անհրաժեշտության իրեր, իսկ աշխարհում ամենամարդաշատ հրապարակներից մեկը՝ Times Square-ն, աչքի առաջ դատարկվում է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

COVID-19 վիրուսի տարածման հանդեպ վախն ամերիկացիներին հարկադրել է ուտելիքի եւ ջրի պաշար տեսնել, գնել դիմակներ, ձեռքերի հականեխիչներ, զուգարանի թուղթ եւ դեղորայք:

«Շատ մարդիկ սկսում են անհանգստանալ, որ համաճարակի դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառված կլինեն: Կորոնավիրուսի հանդեպ վախը յուրատեսակ խելացնորություն է առաջացրել մեծ խանութներում»,- գրում են թերթերը:

Ամերիկացիներն ամեն օր սոցիալական ցանցերում զետեղում են ջրի եւ հականեխիչների դատարկ դարակների նկարներ խոշոր ցանցերի խանութներում, ներառյալ Costco-ն, Walmart-ը, Target-ը եւ Home Depot-ը եւ երկար հերթեր ինչպես խանութների ներսում, այնպես էլ դրսում:

Վերջին ժամանակներս ամերիկացիներից բազմաթիվ գանգատներ են ստացվում դիմակների եւ հականեխիչների բարձրացված գների համար, ըստ որում որոշ գնորդներ պատրաստ են ավելի շատ վճարել, որպեսզի գնեն առկա ապրանքները:

New York Post-ի տվյալներով՝ վիրուսից պաշտպանության ապրանքների առցանց-վաճառքները վերջին երկու ամսում բարձրացել են 817 տոկոսով: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հաղորդմամբ՝ նահանգում կորոնավիրուսով հիվանանալու դեպքերի թիվը հասել է 105-ի: Մարտի 7-ին Քուոմոն հայտարարել է նահանգում արտակարգ դրություն սահմանելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել