Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են նավթի շուկայում գների կտրուկ անկմանն ու մտահոգություն հայտնել հավանական տնտեսական հետևանքների առնչությամբ:

Երկուշաբթի ՕՊԵԿ-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, ինչից հետո միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով:

Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել:

Financial Times-ն իր հերթին նախազգուշացնում է, որ նավթային պատերազմը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ-ում «աղբային պարտատոմսերի» շուկայի համար:

Խոսելով նավթի գների կտրուկ նվազման հետևանքների մասին՝ փորձագետներից մեկն ասել է, որ երկուշաբթի շուկայում արյուն կթափվի, մինչդեռ Rapidan Energy Group-ի աշխատակիցներից մեկը նախազգուշացրել է, որ սա ընդամենը նավթի գների կտրուկ անկման սկիզբն է միայն:

Wall Street Journal-ը նկատում է, որ վերջին անգամ նավթի գներն այսպես կտրուկ նվազել էին 2016թ.: Ամերիկյան հանդեսի փոխանցմամբ՝ տվյալ իրավիճակը ստեղծվել է Saudi Aramco ընկերության՝ նավթի գները նվազեցնելու վերաբերյալ հայտարարության ֆոնին:

Աղբյուրը նկատում է, որ սա ոչ միայն կվատացնի Սաուդյան Արաբիայի և Մոսկվայի հարաբերությունները: Wall Street Journal-ը, վկայակոչելով ՕՊԵԿ-ում և Սաուդյան Արաբիայիում իր աղբյուրներին, գրում է, որ իրականացվում է ագրեսիվ արշավ, որի նպատակն է նավթի շուկայում Ռուսաստանի մասնաբաժնի զավթումը: Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիան հաջորդ ամսվանից պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև տասը միլիոն բարել ցուցանիշի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև 12 մլն բարելի:

New York Times պարբերականը նշում է, որ նավթի գինը նվազել է ավելի քան 20%-ով, և չի բացառում, որ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը կարող են փոխզիջման գալ, բայց եթե գնանկումը նոր տեմպերով շարունակվի, ոչինչ չի կարող կանխել նավթի գների՝ ցածրագույն ցուցանիշներին հասնելուն:

Պարբերականն ընդգծում է, որ նավթի նման գնանկումը համաշխարհային մասշտաբի վնաս կհասցնի, սակայն առավելապես կտուժեն Վենեսուելան և Իրանը, որոնց նավթային տնտեսությունները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ճնշման ներքո:

Washington Post-ն էլ գրում է, որ նավթային նոր պատերազմը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով: Աղբյուրը պնդում է, որ նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ գործարքը դեռևս կարող է կնքվել. ՕՊԵԿ-ը մարտի վերջին խորհրդատվական մակարդակով ժողով է ծրագրել:

Աղբյուրը եզրափակում է Exxon ընկերության նախկին փորձագետ Ալի Հեդերիի այն գրառմամբ, որ 20 դոլար արժեքով նավթը միանգամայն իրատեսական է 2020թ. համար։ Նա ընդգծել է, որ նավթային շուկայի գնանկումն ահռելի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել