Pastinfo.am-ը գրում է․

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի կարգավորումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ։

-Պարոն Ղազարյան, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծն ու և կից ներկայացված օրինագծերի փաթեթը դատախազությանը հնարավորություն են ընձեռում քրեական արդարադատությունից դուրս՝ քաղաքացիական դատավարություններում ներգրավվելու։ Սա դատախազության՝ սահմանադրական լիազորությունների հետ կապված խնդիր չի՞ առաջացնում։

-Ճիշտ է, դատախազությանը լայն լիազորություններ են տրվում, բայց իրենք դա կարող են հիմնավորել նրանով, որ ի վերջո դա ի շահ հանրության է արվում, այսինքն, հանրային գործառույթի մի մաս է, երբ գույքը վերադարձնում են սեփականատիրոջը, իսկ եթե սեփականատերը չկա՝ համայնքին։ Այսինքն, ի վերջո, անօրինական ձեռք բերված գույքը անցնում է համայնքին կամ նրա որեւէ անդամին եւ այս իմաստով հակասություն չկա, ուղղակի լիազորությունները բավականին լայն են։

-Նման ծավալի լիազորություններով դատախազությանն օժտելը՝ ապացույցների խիստ ցածր շեմի պարագայում, ընդունելի՞ է ժամանակակից իրավահարաբերություններում։

-Այս օրենքում ամենախնդրահարույցը հենց դա է։ Ընթացակարգը կոչվում է «in rem» ընթացակարգ։ ՄԻԵԴ-ում շատ գործեր չկան, մի քանի գործեր կան, ինչը նշանակում է, որ դա տարածված ընթացակարգ չէ եւ պետությունները մեծ վերապահումով են այդ ընթացակարգը կիրառում եւ ավելի շատ տուրք են տալիս քրեական դատավարության կարգով նման անօրինականության դեմ պայքարել, քան քաղաքացիական դատավարության, որովհետեւ քրեական դատավարությունը չարաշահումների դեմ մեծ երաշխիքներ է տալիս, իսկ քաղաքացիականը՝ ոչ։ Հիմա, այս դեպքում կա ապացույցի շեմ, որը կարելի է այլ կերպ ասել հավանականության շեմ, այսինքն` դատախազը ոչ թե պետք է հիմնավորի իրողությունը, այլ այդ իրողության հավանականությունը, մի բան, որը մեր իրավաբանության մեջ երբեք չի արվել, եւ քաղդատավարությունում, եւ քրեական դատավարությունում միշտ ապացուցման շեմը կայանում էր նրանում, որ պետք էր հիմնավորել՝ դեպքը տեղի՞ է ունեցել, թե՞՝ ոչ։ Այս դեպքում, մենք գործ ունենք հավանականության հետ, սա ապացույցի գնահատման անգլոսաքսոնական համակարգից վերցված սկզբունք է։ Արդյո՞ք այն արդյունավետ կկիրառվի կոնտինենտալ իրավունքի մի այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, այն էլ՝ արեւելյան մշակույթ ունեցող, որտեղ քաղաքացիները, սովորաբար, չեն սիրում համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Դժվար է ասել, համենայնդեպս, ապացույցի բավական ցածր շեմով, նշանակում է՝ բավականին հեշտությամբ դատախազը դիմում է դատարան եւ իր ներկայացրած փաստերի ուժով ապացուցման բեռն անմիջապես անցնում է պատասխանողի վրա։ Սա էլ նորություն է մեր իրավական համակարգում, այսինքն, փաստի կանխավարկածն է աշխատում, ինչը նշանակում է, որ հայցվորին պետք չէ շատ ջանալ ապացույցներ փնտրելու, նա միայն պետք է ինֆորմացիա հավաքի եւ մոտավորապես, օրինակ, 60 տոկոս հավանականության սկզբունքով, ոչ թե 95-98 , մտնի դատարան եւ այդ պահից ապացուցման բեռն անցնում է պատասխանողի վրա եւ սկսվում է պատասխանողի բարդ կյանքը։

-Պարոն Ղազարյան,ասում եք՝ իրողության հավանականության սկզբունքն է գործում, ինչը նորություն է մեր իրավական համակարգի համար։ Նախագծում կա՞ն երաշխիքներ, որոնք կապահովի, որ տվյալ սկզբունքը չարաշահվի եւ սուբյեկտիվ ընկալումներից ելնելով չկիրառվի, տեսականորեն չի բացառվում, որ կարող են տարբեր նպատակներ հետապնդվել։

-Նկատի ունեք քողարկված օրակա՞րգ։

-Այո

-Գիտեք, եթե դատախազությունը չկարողանա անկախ որոշումներ կայացնել, քողարկված քաղաքական օրակարգ միշտ էլ կլինի, ասենք, օրինակ, հենց թեկուզ ընտրելու հարցում, թե որ սուբյեկտներին ենք մենք ընտրում։ Իհարկե, դատախազը նախնական քննություն է կատարում, բայց կուլիսներում կարող են արդեն որոշում կայացնել, թիրախավորել որոշ նախկին պաշտոնատար անձանց։ Օրենքը չի կարող այդ երաշխիքը տրամադրել, թե այդ օրենքը ում դեմ կկիրառվի, արդեն քաղաքական որոշումների արդյունքում է կայացվում։ Այդ երաշխիքը կարող է տալ իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այստեղ դատարանը հիմք բան կարող է անել, դատարանը գործ է ունենալու փաստի կանխավարկածի հետ, որը դատարանին մեծ ազատություն չի տալիս։ Մի խնդիր էլ կա, օրենքի կիրառությունը հետ է գնում մինչեւ 1991 թվականը դա շատ խնդրահարույց է, որովհետեւ այստեղ բարձրանում է կանխատեսելիության հարցը, օրենքը միշտ պետք է կանխատեսելի լինի, իսկ այն դարձել է կանխատեսելի, առնվազն 2011 թվականից, այսինքն, այն ժամանակահատվածից, երբ ներմուծվեց հայտարարագրերի ինստիտուտը, որը պետք է լրացնեն պաշտոնատար անձինք։ 1996 թվականին, ասենք, նրանք երբեք չէին կարող կանխատեսել, որ մի օր իրենից կարող է հաշվետվություն պահանջվել, թե գույքն ինչպես են ձեռք բերել, մանավանդ, որ այդ ժամանակ Հայաստանն ամբողջությամբ կանխիկ դրամաշրջանառությամբ է նման գործընթացներ իրականացրել եւ պատասխանողի համար շատ դժվար կլինի ապացուցել, որ օրինակ, տվյալ գույքն իսկապես, տվյալ գնով է ձեռք բերվել։ Դատախազը դա պետք է հաշվի առնի։

-Հաշվի առնելով այն խնդիրներն ու իրավիճակը, որ այսօր ունենք ձեր նշած՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի հետ կապված, այն գործընթացները, որոնք ընթանում են դատական համակարգի շուրջ, լայն, առումով, երկրում արդյո՞ք առկա է այն բարենպաստ իրավաքաղաքական մթնոլորտը, որի պայմաններում քաղաքական իշխանությունը քողարկված օրակարգի գայթակղության չի գնա։

-Ես չեմ կարող ամբողջությամբ գնահատական տալ։ Այս պահի դրությամբ, բնականաբար, բոլորս տեսնում ենք, որ այդ հավասարակշռությունը շեղված է հօգուտ գործադիրի եւ օրենսդիրի, որ դատական համակարգը բավականին խոցելի վիճակում է գտնվում, ուղղակի օրենքի գործողությունն այնպիսին է, որ դատարանը շատ անելիք չունի, բավական է՝ դատախազությունը հաղթահարի իմ նշած 60 տոկոսանոց շեմը , ես դա մոտավորապես եմ ասում 60 տոկոս, արդեն պատասխանատվության դերը անցնում է պատասխանողի վրա։ Այստեղ ավելի շատ մեծանում է դատախազության դերը , որովհետեւ նա դատավարության մասնակից է, որտեղ մրցակցային դատավարությունը փոքր-ինչ նահանջում է եւ նահանջում է դատավորի՝ որպես արբիտր հանդես գալու դերակատարությունը։ Ես ինքս նման ընթացակարգի մասնակցել եմ ամերիկյան դատավարությունում՝ որպես կողմ, փորձագետ եւ իմ աշխատանք բավականին հեշտ էր, ես պետք է ընդամենը ապացուցեի, որ ավելի հավանական է՝ այո, քան՝ ոչ։ Ես չպետք է ապացուցեի, որ այդ դեպքը իսկապես տեղի ունենալու է, ես պետք է ապացուցեի, որ ավելի հավանական է՝ տեղի կունենա, քան ՝ ոչ։ Ինձ 3.5 ժամ հեռախոսով հարցաքննեց դատախազը, այնուհետեւ դատավորը եւ ի վերջո, ես կարողացա Հայաստանից այդ շեմը հաղթահարել։ Ինչո՞ւ եմ այդ օրինակը բերում, ընդհանրապես, անգլոսաքսոնական համակարգից եկող այդ սկզբունքը հեշտ հաղթահարելի է։ Տեսեք, մենք ունենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որ անձի մեղքը պետք է հաստատվի ողջամիտ կասկածից վեր, եթե պատկերավոր 0-ից 100-ի սանդղակում փորձենք հասկանալ , թե այն որտեղ է գտնվում, կարող ենք ասել՝ մոտավորապես 98-99 տոկոս ճշտությամբ պետք է ապացուցվի, իսկ այստեղ նպատակը ոչ թե անձին դատելն է, այլ գույքը վերադարձնելը եւ այստեղ այդ կանոնը իջնում է այդ կանոնը մինչեւ 60-65-ի, պատկերավոր եմ ասում եւ բավական է, որ դատախազը հավաքի տվյալներ, որ այդ գույքը արժե այսքան, իսկ անձը այդքան գումար չէր կարող աշխատել, որովհետեւ նրա աշխատավարձն այսքան է, այդ համեմատությունից տեսնում է, որ տարբերություն կա եւ դիմում է դատարան։ Քաղդատավարությունում ընդունված է, որ ապացուցման բեռը բաշխվում է, բայց նայելով, թե անձը եւ նրա ընտանիքը ինչ վտանգի առաջ է կանգնած, որը կարող է կորցնել այն գույքը, որտեղ ապրել է ասենք, 20 տարի, կարող է անարդար լինել նման վտանգը հակակշռել նման ցածր չափորոշիչով։

- Պարոն Ղազարյան, նախագծով տվյալ գործերով զբաղվող դատախազների համար ֆինանսական երաշխիքներ են նախատեսվում, սա նման գործերով զբաղվող դատախազներին գայթակղության առաջ չի՞ կանգնեցնի։

-Դա հարց է, որը վերաբերում է ներքին խոհանոցին, շահագրգռվածության ինչ-որ գործոններ կլինեն, բայց այդ ամենը կախված է գործավարությունից, իսկ այն, թե կլինեն քողարկված օրակարգեր կոնկրետ գործերով, բնականաբար, միշտ էլ կլինեն, հաշվի առնելով երկրում ընդհանուր վիճակը։ Այդ օրենքը, ընդհանուր առմամբ չի հակասում միջազգային իրավունքին, բայց պետությունները խիստ զգուշությամբ են այն կիրառում եւ առավել հակված են չընդունելու, քան թե ընդունելու նման օրենքներ։ Երբ ասում են՝ տարբեր երկրներում նման օրենքներ կան, այո, կան, բայց դրանք շատ քիչ են կիրառվում, որովհետեւ միշտ բախվում են ֆունդամենտալ իրավունքների հետ։ Ինձ նաեւ հետաքրքրում է, որ դատախազները պատրաստված լինեն այդ ինստիտուտը կիրառելուն, նրանք պետք է բավականին շատ վերապատրաստումներ անցնեն, որովհետեւ կրկնում եմ, նման իրավական գործիքներով մեր իրավապահ համակարգում երբեք դատախազները չեն աշխատել, նրանք միշտ աշխատել են այն մտայնությամբ, որ մեղքը պետք է ապացուցված լինի 100 կամ 95 տոկոսով, հիմա դատախազները ոչ թե պետք է ապացուցեն մեղքը, այլ դրա հավանականությունը։

-Եվ, ֆունդամենտալ իրավունքներից խոսեցիք,որոնց բախվում է նման օրենսդրությունը, այդ ֆունդամենտալ իրավունքներից մեկը անձի սեփականության իրավունքն է, արդյո՞ք այդ իրավունքի պաշտպանության երաշխիքը չի իջեցվում նման գործիքակազմի պարագայում։

-Մտահոգություններ , իհարկե, կան, մասնավորապես, կանխատեսելիությունը, շեմը, որը 50 միլիոն դրամից իջեցվեց 25 միլիոնի, բայց առավելապես կանխատեսելիությունն է։ Մեր երկիրը, կարելի է ասել, ընդամենը 6-7 տարի է, ինչ բոլոր գործարքները պարտադրում է անել բանկային փոխանցումներով, նախկինում ամեն բան արվում էր առձեռն։ Ես մասնակցել եմ գույքի գնման գործարքի, որտեղ ամոթ էր համարվում պայմանագիր կնքելը, պատկերացնո՞ւմ եք հանրային մտածելակերպը։ Մենք այդ ամենի միջով անցել ենք , ընդամենը 15 տարի առաջ էր դա եւ նման պայմաններում գուցե բարեխիղճ ձեռքբերողները վտանգի առաջ կանգնեն։ Պետք է սպասենք եւ տեսնենք՝ ինչպես է կիրառվում։

-Բայց, մյուս կողմից, պարոն Ղազարյան, տարբերակված մոտեցում չէ՞ր լինի, եթե դիցուք, վերջին 10 տարիներն ընտրվեին։

-Ես չգիտեմ՝ քաղաքական որոշում է եղել, թե՞ բացառապես իրավաբաններն են այդ որոշումը կայացրել, բայց որքան հետ ես գնում, այնքան իրավական անվտանգությունն ու կանխատեսելիության հիմնարար սկզբունքն է տուժում, պետք է հիշեն, թե 90-ականներին այս երկիրը ինչերի միջով է անցել։ Սկզբից պետք է ինստիտուտներն ստեղծել, հետո նոր պահանջներ ներկայացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել