168.am-ը գրում է․

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ  աշխատակազմի  նախկին ղեկավարի  տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործը, ըստ datalex.am կայքի՝ մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-ին մաս, 314-րդ հոդվածի 1-րդ մաս)։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 38-380-րդ հոդվածի 2-ին մաս, 314-րդ հոդվածի 1-րդ մաս)։

Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Հիշեցնենք, որ դատախազությունը ավելի քան մեկ շաբաթ առաջ էր ստացել Բաբլոյանի և Բաբայանի վերաբերյալ քրեական գործը: Իսկ ավելի վաղ, քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել էր ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել