Hraparak.am-ը գրում է․

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը Չարենցի 45 հասցեում պատրաստվում է տուն կառուցել։ Այն հողատարածքը, որի վրա Կարապետյանը պատրաստվում է շինարարություն սկսել, սահմանակից է Այգեստան 9-րդ փողոցին, որտեղ ապրող բնակիչները շատ անհանգստացած են, որ մեծ շինտեխնիկա է բերվելու, որը ոչ միայն խաթարելու է իրենց անդորրը, այլև փակելու է ընդամենը 3 մետր լայնությամբ ճանապարհը։ Մեզ հետ կապվել էր Այգեստան 9-րդ փողոցի 18 տան բնակչուհի Սիլվա Խանջյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, արդեն նախնական նախապատրաստական աշխատանքներ կատարվել են, փորձել են գազատարը հողի տակ անցկացնել, որ շինարարությանը չխանգարի։ Համբարձումյանը մեզ տեղեկացրեց, որ շինարարությունն իրականացնելու է Միրզոյանի օգնականը կամ խորհրդականը․

«Ինձ մոտ կասկած կա, որ ինքը սարքում է, որ ոչ թե ինքը ապրի, այլ կարող է՝ ուզում է էստեղ հյուրանոց սարքի։ Դուք պատկերացնո՞ւմ եք այստեղ ինչի կվերածվի՝ այս նեղ, 3 մետրանոց փողոցում։ Նույնը քիչ ներքևի հյուրանոցի տերը՝ խաբել էր, թե տուն է սարքում, հետո հյուրանոց սարքեց։ Ինքը եկել, ինչ-որ մարդիկ է բերել, ինձ ասել են, որ գազի աշխատողների է բերել, էլեկտրականության աշխատողների է բերել, որպեսզի էս փողոցը մաքրի, թե ի՞նչ է սարքում՝ ես չեմ իմանում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանի հարևանուհին։

Մենք պարզեցինք, որ խոսքը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանի մասին է եւ կապվեցինք իր հետ։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ ցանկանում է շինարարություն սկսել՝ տուն է կառուցում։ Սիլվա Խանջյանը մեզ հետ զրույցում հետաքրքրվել էր, թե ի՞նչ միջոցներով է պատրաստվում շինարարություն իրականացնել։ Հարեւանուհին պնդում էր, որ մինչև Միրզոյանի խորհրդական դառնալը այս ընտանիքը շատ «աղքատ է եղել», հիմա հանկարծ հարստացել են ու տուն են կառուցում։ Կարապետյանի եկամուտների հայտարարագրում հայտարարագրված է ընդամենը 838 հազար դրամ գումար։

Հարեւանուհին ասում էր․ «Հիմա մեկ ուրիշ հարց․ իրենց որտեղի՞ց այդքան փող, որ մարդ ա մեկը ամբիոնը գրկած խոսում ա կոռուպցիայից և այլն, իսկ Արարատ Միրզոյանի օգնականը 50 մետրի վրա դղյակ է սարքում, ի՞նչ փողով է սարքում, ինձ այդ հարցն է հետաքրքրում: Եթե մարդկանց բռնում են, հիմա էլ նոր օրենք են ընդունում, որ 25 միլիոնից ավելը պետք է ցույց տաս, թե որտեղից է, ես էլ հարց եմ առաջ քաշում, թե որտեղից իրեն փող, որ ինքը պետք է այսպիսի ահռելի շենք գցի»,- հարցնում է Խանջյանը։ Կարապետյանը պատասխանեց հարեւանուհու հարցին՝ վարկ պետք է վերցնի․ 

«Իմ պապական տունն է Չարենց 45-ը, ուր ես ծնվել ու մեծացել եմ։ Տարածքը վերին հատվածով սահմանակից է Այգեստան 9-ը փողոցին։ Ես այդ տարածքը նվիրատվություն եմ ստացել իմ տատիկից, որը այն կիսել է 2 մասի՝ մի մասը պատկանում է քեռուս (Չարենց 45), մյուս մասը ինձ (Չարենց 45/1)։ Այո, պատրաստվում եմ դիմել հիփոթեկային վարկի եւ այնտեղ տուն կառուցել բացառապես վարկային միջոցներով։ Գազի խողովակի տեղափոխման վերաբերյալ չգիտեմ ինչ խոսակցություն է։ Ճիշտն ասած, դեռ նոր եմ դիմել շինթույլտվություն ստանալու։ Իսկ իմ ներկայինս աշխատանքի շահարկումը ավելորդ ու անիմաստ եմ համարում»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանին հարցրինք, թե ի՞նչ շինություն է լինելու, ասում են, որ մեծ շենք է պատրաստվում կառուցել, եւ հնարավոր է, որ դա ոչ թե տուն է լինելու, այլ հյուրանոց, իսկ հարևանների հետ էլ չի խորհրդակցել․

«Իմ եւ ծնողներիս համար բնակելի տուն եմ ցանկանում կառուցել։ Զրուցել եմ հարեւանների հետ, տեղյակ պահել եմ, նույնիսկ սահմանակից հարեւանից գրավոր թույլտվություն եմ ներկայացրել՝ տունը կառուցել իրենց տարածքին սահմանակից։ Եթե որեւէ հարեւանի հետ չեմ խոսացել, կփորձեմ հասկանալ որ մեկի՝ սիրով, պատրաստ եմ գնալ զրուցել։ Բայց նշեմ, որ օրենքով սահմանված բոլոր սահմանաչափերը պահել եմ, պահել եմ քաղաքաշինության տառն ու ոգին, դիմել եմ շինթույլտվության, եթե սահմանված կարգերի հետ կապված որեւէ խնդիր կբարձրաձայնի տեղական ինքնակառավարման մարմինը, նախագիծը պատրաստ եմ փոփոխելու»։ 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել