Factor.am-ը գրում է․

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով աշխարհում շուրջ  300 միլիոն աշակերտ ու ուսանող ժամանակավորապես զրկված է ուսում ստանալու հնարավորությունից։

Հայաստանի ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսեն մարտի 9-ից։ Աշխարհը գրաված համաճարակն այստեղ առայժմ լուրջ սպառնալիքներ չի ներկայացնում։

Հայաստանի դպրոցներում և բուհերում դասերը մեկ շաբաթով դադարեցվել էին մարտի 2-ից՝ այն բանից հետո, երբ Իրանից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացու մոտ նոր տեսակի կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Եվ մինչ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրն ընդամենը մեկն է, աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվն 95 հազար է հասնում, մահացության դեպքերինը՝ 3300-ի։

Իսկ ինչպե՞ս են տարբեր երկրներում արձագանքել նոր տեսակի կորոնավիրուսին։

Իտալիայում, որտեղ նոր կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում  ավելացել է 28-ով՝ հասնելով 107-ի, այսօրվանից մինչև մարտի 15-ը փակվում են  բոլոր դպրոցներն ու համալսարանները։ Երկրում մշակվում է հատուկ նորմատիվ փաստաթուղթ, որը դպրոցի փակման դեպքում ծնողներից մեկին թույլ է տալիս մնալ տանը՝ երեխայի հետ։ Մեծ Բրիտանիայում, որտեղ վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվն 85-ի է հասնում, մի շարք դպրոցներ շարունակում են փակ մնալ։ Դրանցում այժմ համապատասխան սանիտարական աշխատանքներ են տարվում։ Կորոնավիրուսի հետևանքով

Մեծ Բրիտանիայում նաև մի քանի վիրահատական կենտրոն է  փակվել։ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում դեռ փակ են մինչև 5-րդ դասարանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցները։

Հնդկաստանում վարակակիրների թիվը 29-ի է հասել։

Շվեյցարիայում,  որտեղ այսօր նոր կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է  գրանցվել, դպրոցներն աշխատանքը կվերսկսեն մարտի 9-ից։ Սա առայժմ վերաբերում է միայն Շվեյցարիայի Բասել քաղաքին։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ կորոնավիրուսից մահացությունը 10-ի է հասել, նույնպես դպրոցներ են փակվել։ Նույն իրադրությունն է նաև Նյու Յորքում, որտեղ  վարակակիրների թիվը 11 է։ Երեկ մահացության առաջին դեպքը գրանցած Կալիֆորնիայում ևս՝ մի շարք ուսումնական հաստատություններ փակ  են։

Մարտի 9-ից մեկ ամսով փակ կլինեն նաև ԱՄԷ բոլոր դպրոցներն ու համալսարանները։ Ուսումնական ծրագրից հետ չընկնելու համար այնտեղ նախատեսվում է դասապրոցեսը հեռահար կերպով կազմակերպել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները։

Ընդհանուր թվով՝ ուսումնական հաստատությունների աշխատանքը սահմանափակվել է 22 երկրում։ Դրանց շարքում են նաև Հարավային Կորեան, Ճապոնիան, Ֆրանսիան և Պակիստանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել