Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ: Ինչպես մարտի 5-ին հայտնել է BNS գործակալությունը, համաձայնության հուշագիրը մարտի 4-ի երեկոյան ստորագրել են Լիտվան, Էստոնիան, Խորվաթիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Ռումինիան Զագրեբում, որտեղ կայացել է Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը՝ տեղեկացնում է Interfax-ը:

Համաձայնագրին համապատասխան տարբեր երկրներում հերթապահություն կանի միջազգային խումբը, որը պատրաստ կլինի ցանկացած ժամանակ հակազդելու կիբեռգռրոհներին: Այդ խումբը, որը կազմված կլինի քաղաքացիական անձանցից և զինվորականներից, վտանգավոր կիբեռմիջադեպի դեպքում վիրտուալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես կմիանա միջադեպի վերացմանն ու հետաքննությանը:

Դիտորդի կարգավիճակ են ստացել Բելգիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Սլովենիան և Ֆինլանդիան: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել