Pastinfo.am-ը գրում է․

Ըստ պայմանավորվածության՝ պետք է ախտահանումն իրականացվի, որ բեռնատար մեքենաները շարժվեն դեպի Լարսի անցակետ։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով վարչապետի հարցին՝ արդյոք բեռնատար ավտոմեքենաները հատել են հայ-վրացական սահմանը, թե ոչ։

«Վրացական կողմն այսօր աշխատանքներ է տանում։ Օրվա ընթացքում կմոտեցնենք, մինչև այսօրվա ավարտն այդ մեքենաների անցումն ապահովված կլինի։

Այնուամենայնիվ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր։ Դրանց մի մասը հավանական է՝ նկատի ունենալով, որ արդեն փակ է նաև մեր հարավային սահմանը և որոշակի արտադրանքի պահանջ կլինի նաև մեր ներքին շուկայում, որոշել են՝ չեն շարունակելու ճանապարհը։

Մեր տեղեկություններով դրանք մոտ 20-30 մեքենա է, որ այսօրվա ընթացքում զննում կանցնեն և կհասնեն դեպի Լարս»,-նշեց Տիգրան Խաչատրյանը։
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց՝ ձևավորվել է երկխոսություն նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ և տարբեր մակարդակներով աշխատանքներ են սկսվել, որպեսզի ԻԻՀ-ի հետ կարողնանան միասին կարգավորել և միասին հակազդել համաճարակին. «Կարծում եմ՝ կկարողնանաք այս երկխոսության մեջ ավելի մանրամասնել՝ ինչպես միասնաբար կարող ենք աշխատել այս ուղղությամբ»,-հավելեց Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ օրերս գործարար Վահրամ Միրաքյանն ահազանգել էր՝ իրանական ապրանքով հայկական բեռնատար ավտոմեքենաներին Վրաստանը չի թույլատրում հատել սահմանը. «Չգիտեմ ինչու, հիմնավորումը կորոնավիրուսի մասին գիտական հայտնի փաստերի համատեքստում չի դիմանում քննադատությանը, բայց դե մարդիկ կարում են, չեն թողնում (իդեպ Թուրքիայից մուտք թույլատրվում է, չնայած էնտեղ էլ Իրանից պակաս տարածված չի վիրուսը):

Արդյունքում այս պահին, ըստ ինձ հասած տեղեկատվության, մոտ 60 ֆուր, հիմնականում իրանական կիվի, խնձոր ու բանջարեղեն, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանով, մուտքն արգելվում է»,-գրել էր գործարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել