«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցում է ուղարկել Վայոց Ձորի մարզպետարան՝ ստանալու տեղեկատվություն 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Ի պատասխան մարզպետարանը հրաժարվել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը՝ խախտելով տեղեկատվություն ստանալու մեր սահմանադրական իրավունքը։ Ստացված պատասխանում մասնավորապես նշվում է, որ պարգևատրման ընդհանուր ֆոնդը ձևավորվում է առանձին աշխատողներին տրվող գումարների հանրագումարից, հետևաբար մարզպետարանի աշխատակիցների ընդհանուր թվից դժվար չի լինի նույնականացնել, թե յուրաքանչյուրն ինչքան գումար է ստացել։ Այսպիսով, փոխանակ մարզպետարանը տրամադրի պարգևավճարային ֆոնդի չափի մասին տեղեկատվությունը, հուշում է, թե ինչպես կարող ենք պարզել կամ գուշակել այն տեղեկատվությունը, որը մարզպետարանը օրենքով պարտավոր է հայտնել։

Վերը նշված աբսուրդային պատճառաբանությանը հետևում է մեկ այլ աբսուրդային պատճառաբանություն, թե պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է աշխատակիցների անձնական տվյալներին, որոնք չեն կարող տրամադրել, քանի որ կատարել են հարցում և չեն ստացել աշխատակիցների համաձայնությունը տվյալները փոխանցելու համար։

Հիշեցնենք, որ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն չի պահանջել հայտնել առանձին աշխատակիցների պարգևավճարների չափը, այլ մարզպետարանի ամբողջ պարգևատրումների ֆոնդի չափը։

Արձանագրում ենք, որ Վայոց Ձորի մարզպետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, իսկ դատական կարգով հայցվող տեղեկատվությունը  ստանալու մեր քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել