Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռուսական և թուրքական լրատվամիջոցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում ՀՀ 32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանել են «5 աստղանի կարանտին»:

RT և NTV լրատվամիջոցները գրել են, որ մինչ աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի  վարակով կասկածվող անձանց նույնիսկ բռնության են ենթարկում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կասկածվող 32 քաղաքացու մեկուսացրել է 5-աստղանի հյուրանոցում: Լրատվամիջոցները նշել են, որ հյուրանոցը, որտեղ տեղակայվել են կորոնավիրուսի կասկածով 32 անձինք, գտնվում է Երևանից 50 կմ հեռու, ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա, ունի օլիմպիական լողավազան և նույնիսկ խաղատուն:

Թուրքական NTV-ն գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ հանդերձանք կրող մարդիկ սնունդ բաժանում հյուրանոցի լյուքս համարներում մեկուսացված անձանց:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել