Hraparak.am-ը գրում է․

Ամեն ինչ պետք է անել, որ հանրաքվեն տեղի ունենա, եւ «Այո»-ն պարտվի: Փաշինյանն ամեն ինչ անելու է այդ խայտառակությունը չեղարկելու համար, այդ նպատակով փորձելու է օգտագործել ամենափոքրիկ առիթն անգամ: Մարտի 1-ի երթը չեղարկեց կորոնավիրուսի առաջին դեպքի կապակցությամբ: Կա՞ր այդպիսի դեպք, թե ոչ՝ ոչ ոք չի կարող ասել, սակայն բոլորին է հայտնի, որ թե՛ դեպքի արձանագրումը եւ թե՛ երթի չեղարկումը կատարվել են նույն՝ լույս մարտի 1-ի գիշերը: Այս համընկնումը, կարծում եմ, պատահական չէ: Ամենեւին չեմ կիսում այն կարծիքը, որ, ինչպես Չեռնոբիլի վթարի ժամանակ, դեպքը գրանցվել է ավելի վաղ, սակայն հայտնել են միայն մարտի 1-ին՝ փորձելով փրկել երթը: Ավելի հավանական եմ համարում հակառակը. նախ՝ հասկացել են, որ երթը մի շարք առումներով գլխացավանք է դառնալու, եւ հետո միայն հրապարակել «կորոնավիրոսով հիվանդացության» առաջին դեպքը: Կարող է հարց առաջանալ՝ մենք հիմա կորոնավիրուս ունե՞նք, թե՞ ոչ: Չգիտեմ: Դա պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին եւ դահուկային սպորտի սիրահար նախարարներին, որոնք իսկական տոն կազմակերպեցին Ծաղկաձորում՝ կորոնավիրուսի առաջին դեպքի կապակցությամբ:

Իսկ ինչո՞ւ վախեցան մարտի 1-ի երթից: Ի դեպ՝ նկատենք, որ Փաշինյանն այդ երթին մասնակցելու հրավեր էր արել ճիշտ նույն սցենարով, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել շրջափակել ԱԺ-ն, իսկ ավելի ուշ՝ նաեւ դատարանները: Պաշտոնապես ոչինչ չէր հայտարարվել, եւ քաղաքացիները պարտավոր էին գնալ մարտի 1-ի երթին՝ հիմք ընդունելով բացառապես Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Դատարանների մուտքերի շրջափակումը Փաշինյանին տրվեց մեծ դժվարությամբ՝ մարդուժի ակնհայտ պակասով: Պատճառն այն է, որ հանրության մի մեծ հատված, որ տակավին չէր կորցրել մտածելու կարողությունը, հրաժարվեց մասնակցել այդ ակցիային: Դատարանների ակցիայից հետո Փաշինյանին չի հաջողվել ոչ մի մարդաշատ հավաք կազմակերպել: Դրանից հետո նրա վարկանիշի անկումը տեսանելի դարձավ բոլոր ուղղություններով:

Չի եղել կառավարության կամ ԱԺ որեւէ որոշում եւ օրենք, որ չի արժանացել քննադատության, չի եղել Փաշինյանի որեւէ արտասահմանյան այց, որ չի որակվել որպես անիմաստ շրջագայություն, չի եղել Ադրբեջանի նախագահի հետ որեւէ շփում, որից հետո հանրությունը միանշանակ պնդեր, որ հայկական կողմն անխոցելի դիրքորոշում ունեցավ: Եվ պետք է ընդունել, որ Փաշինյանն ինչ-որ չափով զգուշացել է մարտի 1-ի երթի հետ կապված որոշակի անհարմարություններից: Սակավամարդության վտանգից, օրինակ: Կար նաեւ վտանգ, որ այդ երթը կարող էր վերածվել բողոքի ցույցի՝ ընդդեմ իշխանությունների: Հիշեցնեմ, որ առաջին անգամ նոր «կարգավիճակով» պետք է երթին մասնակցեին ինչպես 30 միլիոն դրամ փոխհատուցում ստացած 10 զոհերի հարազատները, այնպես էլ հարյուրավոր տուժածներ, որոնք, չգիտես ինչու, ոչինչ չեն ստացել։ Փաշինյանը շատ լավ գիտակցում էր այդ նրբությունը, եւ չի բացառվում, որ հենց սա էր երթի չեղարկման բուն պատճառը:

Եվ այս ամենին հետեւեց ծաղկաձորյան «քյոհնա տրնգին», նախարարական դահուկավազքը… սրճարանային լուսանկարներ ու սելֆիներ, թե՝ տեսեք-տեսեք, Ծաղկաձորում կյանքը եռում է։ Բայց, արդյոք, եռուն կյանքով լեցուն Ծաղկաձո՞րն էր այն ամենահարմար վայրը, որտեղ պետք է զուռնա-դհոլով տեղավորեիք կորոնավիրուսով առաջին հիվանդին: Լավ, ես ի՞նչ աստիճանի Պողոս պետք է լինեմ, որ մտածեմ, թե կորոնավիրուսը հենց այդպես են բուժում՝ հիվանդին մեկուսացնում են մի հեռավոր վայրում եւ ամբողջ կառավարությունով գնում նրա շուրջ քեֆ անելու:
Իսկ հիմա՝ հանրաքվեի մասին, որը պետք է անպայման տեղի ունենա, եւ որի արդյունքում Փաշինյանի «Այո»-ն պետք է պարտվի: Արդեն ասացի, որ Փաշինյանի վարկանիշն արդեն թույլ չի տալիս այդպիսի «գրանդիոզնի» ծրագրեր իրականացնել, իսկ դրա մեղավորը ես չեմ, այլ ինքը՝ իր թշվառ թիմով: Այդ իսկ պատճառով էլ պետք է ամեն գնով, առանց ավելորդ էքսցեսների, հասնել ապրիլի 5-ին: Ոչ մի խոչընդոտ «Այո»-ի քարոզչությանը, ոչ մի հայտարարություն, որ Փաշինյանը ՀՀ քաղաքացու նոր տիպի անձնագրեր է բաժանում։ Պողոսների տներն ընկած՝ «Այո» է մուրում, հյուրասիրած կոնֆետն էլ գրպանը գցում: Պետք է լռել այս ամենի մասին եւ ամեն կերպ Փաշինյանին ներկայացնել որպես «ֆուխարայի» աշխատավարձն ու թոշակը բարձրացրած վարչապետի, պետք է մանրամասն նկարագրել, թե ինչպես է բարձրացել «դուխով» քաղաքացու կենսամակարդակը, թե սպառողական զամբյուղի պարունակության՝ 4 հազար դրամով աննախադեպ համալրումը որքանով է երջանկացրել նրան:

«Ոչ»-ի իրավաբաններին խնդրում եմ մի քիչ թուլացնել ճնշումը Փաշինյանի եւ նրա «Այո» թիմի վրա: Նրանց իրավախախտումների մասին անընդհատ բարձրաձայնելը մեզ կարող է կանգնեցնել անելանելի դրության առաջ եւ նպաստել, որ Փաշինյանը հանրաքվեն չեղարկի ավելի արագ, քան կստեղծվեն դրա «օբյեկտիվ» եւ առավել համոզիչ պատճառները, օրինակ՝ կորոնավիրուսի մոլեգնումը Ծաղկաձորում (թու, թու, թու): 

Հարգելի Ռուբեն Մելիքյան, շնորհակալ ենք «Ոչ»-ի կողմ ձեւավորելու եւ այդ ճանապարհով տեղամասային ընտրական հանձնաժողովներում երկրի սահմանադրական կարգի պահպանությամբ մտահոգ քաղաքացիների ներգրավման հնարավորություն ստեղծելու համար: Ամեն հանձնաժողովում 2 նման քաղաքացու ներկայությունն արդեն իսկ կբացառի լցոնումը: Հույս ունենք, որ ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ չեն լինի, քվեատուփեր չեն գողացվի եւ չեն փոխարինվի հարեւան շենք-շինություններում լցոնված քվեատուփերով: Իսկ ինչ վերաբերում է «Այո»-ի տարածած լուրերին, որ «Ոչ»-ի կողմը 10 հազար դրամ է բաժանում՝ հանրաքվեի ելքն իր օգտին որոշելու համար, ապա կարիք չկա, կարծում եմ, դրա մեջ կեղծ մատնության եւ ստախոսության տարրեր որոնել:

Չէր խանգարի, ասենք, քաղաքական հակադարձումը, որին Փաշինյանն ավելի «պատրաստված» է: Հարգելի վարչապետ, բա ասում էիր՝ ընտրակաշառքը վերացրել ես, որ Պողոսի մտածողության մեջ բան է փոխվել, նա այլեւս փող չի վերցնում… բա սա ի՞նչ է, ինչո՞ւ է Պողոսը 10 հազարը գերադասում հեղափոխությունից:
Էն Ալիեւ «կիրթին» էլ մի ձեւով պետք է հասկացնել, որ մինչեւ ապրիլի 5-ը հանգիստ նստի տեղը եւ Փաշինյանին չդրդի հանրաքվեն չեղարկելու կտրուկ քայլերի: Մեզ պետք է, որ հանրաքվեն տեղի ունենա, բայց չկայանա, որպեսզի մեր սիրելի վարչապետը վերջնականապես համոզվի, որ իր վարկանիշի անկման մասին խոսակցություններն օդից կախված լոլոներ չեն, որ ՄԱԿ անդամ Հայաստանը որբի գլուխ չէ, որի վրա կարելի է սուպերվարչապետություն սովորել՝ օգտագործելով քանքարավոր սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի անսպառ տաղանդը:

Չի կարելի ոչ մի պարագայում փնովել ՀԱԿ-ԻՔ-«Հանրապետություն» «հրաշալի» եռյակի համագործակցությունը, որն առաջնորդվում է ընկերովի մահը հարսանիք է հայտնի սկզբունքով: Սա քաղաքական անհաջողակների փայլուն պլեադա է, որ խանգարիչ հանգամանքների բացակայության պայմաններում կգնա մինչեւ վերջ եւ հաջողությամբ կտապալվի ապրիլի 5-ին: Դա զգալիորեն կհեշտացնի նաեւ ապագա քրեական գործի քննությունը: Քննիչները, կարծում եմ, Փաշինյանին կհարցնեն՝ «ո՞վ էր հետդ շաշկի խաղում»… Դե, նա էլ հո չի՞ կարող ստել կամ լռել պարտիզանի պես: Եվ ապրիլի 5-ին, հնարավոր է, մի ամբողջ ժամանակաշրջան իր քաղաքական ու քրեական գնահատականը կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել