«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերի ձեռքբերումը տնտեսվարողների համար դարձել է անհնարին: Խնդրի առաջ են կանգնել նաեւ այն տնտեսվարողները, որոնք ամիսներ առաջ սարք ձեռք բերելու համար վճարել են 60 հազար դրամի չափով կանխավճար: Պարզվում է՝ առայժմ պետության կողմից լիցենզավորված ընկերություններից միայն մեկն է ՀԴՄ նոր սերնդի սարք ներկրել եւ վաճառում: Այսինքն՝ ՀՀ-ում ՀԴՄ-ների շուկան ազատականացնելու դեպքում էլ սարքերի դեֆիցիտ է, եւ արդեն մի քանի ամիս է՝ ՊԵԿ-ը չի կարողանում լուծել այս խնդիրը: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստելլա Համբարձումյանի հետ:

«ՀԴՄ նոր սերդնի սարքի արժեքը 148 հազար դրամ է, դրանք մասնավոր ընկերություններն են բերում, ՊՈԱԿ-ը այլեւս սարք չի բերում: Եթե տնտեսվարողներն ունեն կանխավճար՝ մուծած ՊՈԱԿ-ին, ապա կարող են գալ եւ դիմում գրել, իրենց գումարները մենք հետ ենք վերադարձնում»,- նշեց նա: Այսինքն՝ տնտեսվարողը եթե 60 հազար դրամ ամիսներ առաջ մուծել է՝ հույս ունենալով, որ պետությունը կսուբսիդավորի, եւ ինքը այդ գնով էլ ձեռք կբերի ՀԴՄ սարք, այժմ ստիպված է լինելու 60 հազար դրամին ավելացնել 88 հազար դրամ եւ գնել սարքը: Մեզ մնում է արձանագրել, որ դաշտը թեեւ ազատականացված է, բայց շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում, եւ արդեն մի քանի ամիս է՝ վերահսկողությունից դուրս է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել