Կորոնավիրուսի շուրջ իշխանությունների և հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միտումնավոր ստեղծված շոուի պատճառով տեղեկատվական հոսքերի մեջ կորավ և շատ քիչ ուշադրություն դարձվեց մի շատ կարևոր իրադարձության։ «Անադոլու» գործակալությունը տեղեկացրել էր, որ մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Զարմանալիորեն այս հաղորդագրությանը չի արձագանքել պաշտոնական Երևանը, ինչն իրոք անհասկանալի է։ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, միակ երկիրն է, որը բացահայտ սատարում է հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին։ Մեր տեսանկյունից Թուրքիան երբեք չի կարող միջնորդ լինել Արցախյան բանակցային գործընթացում և պաշտոնական Երևանը պետք է ամեն ինչ աներ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն Անկարայում չքննարկեն Արցախյան խնդրին վերաբերող որևէ դրվագ։ Սակայն պաշտոնական Երևանը ոչ միայն դա չի կանխել, այլև ծպտուն չի հանում, երբ տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է այդ այցը քննադատող հայտարարությամբ հանդես գար և մեկ անգամ ևս բացահայտեր Անկարայի ոչ կոնստրուկտիվ պահվածքը։

Որքան կարելի է կռահել, սույն թվականի հունվարի վերջին Ժնևում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով 11-ժամյա հանդիպումների արդյունքում ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք թաքցվում են Հայաստանի հասարակությունից և որոնց վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները և Կասպրշիկը շահագրգիռ երկրների, այդ թվում՝ նաև Ադրբեջանին սատարող Թուրքիայի հետ տեղեկություններով են կիսվում և բանակցում։ Այլ կերպ չեմ կարող բացատրել Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների այցը Թուրքիա, քանի որ Անկարան չի կարող միջնորդ լինել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում, և Չավուշօղլուն այս անգամ ևս դա հաստատել է՝ բացահայտ պաշտպանելով ապշերոնյան սուլթանության դիրքորոշումը։

Մի կարևոր հանգամանք ևս․ մի քանի օր առաջ, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության վերջին տարելիցին նվիրված Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ մի ուշագրավ դրվագ կար։ Թուրքիայի ՊՆ-ն բացահայտ սպառնում է այն անձանց, որոնք, ըստ թուրքերի, մեղավոր են այդ ամենի մեջ. «Մենք չենք մոռանա նրանց, ովքեր կազմակերպել են այդ սպանդը»,- ասված է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Բաքուն և Անկարան երբեք չեն թաքցրել, որ Խոջալուի դեպքերի համար իրենք մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, Բակո Սահակյանին, Վիտալի Բալասանյանին, Յուրի Խաչատուրովին և այլոց։ Պարադոքսալ է, բայց փաստ. վերը նշված բոլոր գործիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ևս դիտարկվում են որպես իր թշնամիներ։ Այս ամենին եթե գումարենք Հայաստանում վերջերս շատ պոպուլյար դարձած թուրքասիրությունը, օրինակ՝ որոշ ազգադավ գործիչներին, որոնք գովերգում են գոյություն չունեցող հայ-ազերիական եղբայրությունը, պաշտպանելը ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև մի քանի տխրահռչակների կողմից թուրքական դրոշի այրելու քննադատական զառանցանքով հանդես գալը, ստանում ենք շատ վտանգավոր պատկեր։

Հայաստանի լռակյաց համաձայնության հետևանքով Անկարան ակտիվ ներգրավվում է Արցախյան բանակցային գործընթացի մեջ իր բոլոր աղետալի հետևանքներով Հայաստանի և Արցախի համար։

Հիշեցնեմ, որ Բաքուն և Անկարան մի քանի տարի առաջ փորձում էին Թուրքիային դարձնել Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը նրանց մոտ չստացվեց, և հուսամ՝ չի էլ ստացվի ապագայում։

Հ.Գ. Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն պետք է թույլ չտան, որ Անկարան դառնա բանակցային գործընթացի ակտիվ մասնակից, այլև պետք է ուղղեն նախորդների սխալը և ամեն ջանք պետք է գործադրեն, որ Թուրքիան՝ որպես հակամարտության կողմերից մեկին սատարող երկիր, հեռացվի Մինսկի խմբի անդամների կազմից։ Իսկ մենք տեսնում ենք հակառակը։

Պետական մտածելակերպից զուրկ Փաշինյանը, Բաքուն և Անկարան որոշ հարցերում բավականին միակարծիք են, ինչը շատ վտանգավոր է։ Չնայած այն հանգամանքին, որ բացասական եմ վերաբերվում վերը նշված անձանցից շատերին, որոնց Բաքուն և Անկարան մեղադրում են Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության մեջ, ինձ համար շատ տհաճ է, երբ ազերի-թուրքերը հրճվում են` անդրադառնալով Փաշինյանի վերաբերմունքին նրանց նկատմամբ, և ակամայից ստացվում է, որ որոշ հարցերում Փաշինյանի և մեր թշնամիների շահերը համընկնում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել