Hraparak.am-ը գրում է․

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսով պայհմանավորված հայտարարեց ուսումնական հաստատություններում արձակուրդի մեկնարկի մասին։

«Որոշում ենք կայացրել մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխել եկող շաբաթ՝ մարտի 2-ից 8-ը ներառյալ։Խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին,դպրոցներին,քոլեջներին,արվեստի դպրոցներին, ուսումնարաններին, բուհերին»,- նշել էր նախարարը ֆեյսբուքյան իր էջում։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել էին․«Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։
Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը»։

Մենք տեղեկացանք, որ չնայած նախարարի որոշման, մի քանի դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ աշխատակազմին կանչել են անշխատանքի։

Սրան անդրադարձել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները `ուսուցիչ և դաստիարակ, դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ով է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատացնում է ամբողջ կազմին։

Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին պատճառաբանելով, որ աշխատավարձ ստանան։ Իսկ ձեզ ասել են, որ եթե հարկադիր արձակուրդ է ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու ։Խենթանալ կարելի է»,- գրել է պատգամավորը։

Մենք պարզեցինք, որ խոսքը մասնավորապես Երևանի թիվ 137 մանկապարտեզի տնօրենի մասին է:

Մեր զանգերին վերոնշյալ մանկապարտեզից որևէ մեկն այդպես էլ չարձագանքեց։ Փոխարենը զրուցեցինք Երևանի h. 142 մանկապարտեզի տնօրեն Սոնա Խաչատրյանի հետ։

«Կա հերթապահության ժամանակացույց։ Բոլորը տեղեկացված են նախարարի հրամանին։ Աշխատակազմում հերթապահություն է սահմանված։ Առավոտյան 8։30-ից մինչև մեկը, մեկից հետո մինչր պահակի գալը՝ 5։30։ Իրար փոխարինելով հիմնարկին տիրություն ենք անում։ Իրենք գալիս են, ես չեմ էլ ասում՝ գնացեք, ուզում են, գալիս են։ Օրը 4 աշխատող կա այստեղ»,-ասաց տնօրենը։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում նշեց․ 

«Մասնավորապես մեր տարածած հայտարարության մեջ նշվում է,  որ հանրակրթական դպրոցների վերաբերյալ գարնանային արձակուրդը տեղափոխվում է մարտի 2-ից 8-ը, սակայն նույն ձևակերպումը տրված չէ արդեն մանկապարտեզների դեպքում։ Մանկապարտեզներում ուղղակի որոշվել է կասեցնել դասերը և սա, ըստ էության, արձակուրդ չէ, հարկադիր պարապուրդ է։ Ես մասնավոր դեպքի մասին չեմ կարող մեկնաբանություն տալ, բայց խոսքը այստեղ երեխաների չհաճախելիության անհրաժեշտությանն  է վերաբերվում, նախարարի ցուցումով անձնակազմն էլ չի հաճախի, սակայն չի բացառվում, որ կոնկրետ տնօրենի հայեցողությամբ որոշակի գործողությունների համար աշխատողները հրավիրվեն հաստատություն»,-ասաց Կարապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել