Tert.am-ը գրում է.

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանի հետ Tert.am-ը զրուցել է Սիրիայի Իդլիբում տեղի ունեցող զարգացումների, ռուս-թուրքական հարաբերություններում աճով լարվածության մասին: Նրա խոսքով` այս իրավիճակում ակնհայտ է, որ կողմերը վաղուց հակամարտում են, ինչն ուղեկցվում է Սիրիայում ազդեցության գոտիների ձևավորման շարունակական մի գործընթացով, որի հերթական փուլն այսօր Իդլիբն է ու Իդլիբի նոր ստատուս քվոն։ Հիշեցնենք, որ սիրիական Իդլիբում փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

-Պարոն Վերանյան, իրավիճակը Իդլիբում բավականին թեժացել է: Թուրքիայի զինված ուժերն ունեն զոհեր և վիրավորներ: Ենթադրվո՞ւմ էր, որ իրավիճակն առավել լարվածության կգնա մարտի 5-ի Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ: Ինչո՞ւ կողմերը մինչ այդ զսպվածություն չդրսևորեցին:

 -Իդլիբի շուրջ ռազմաքաղաքական, ռազմական զարգացումները Սիրիայի քաղաքացիական և միջնորդավորված պատերազմում շահերի առճակատման հերթական փուլերից մեկն է, և խնդիրն անհրաժեշտ է դիտարկել հենց այդ տրամաբանության ներքո։ Հաշվի առնելով այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպման վերաբերյալ, այս փուլում անչափ կարևոր է, թե ինչ փաթեթով, ինչ ձեռքբերումներով կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ։ Իրադրության սրացման ռիսկերը հավանական դարձան դեռ Վաշինգտոն-Թեհրան առճակատման փուլում։ Արդյունքում, նկատում ենք սիրիական զարգացումներում իրանական կողմի դիրքերի որոշակի հետքաշման միտումներ։ Սա իր հերթին բերեց ազդեցության վակուումային մի իրավիճակ, որը ներկայում լրացվում է Ռուսաստանի ու Սիրիայի կողմից։ Անկարան իր հերթին Սիրիայի անվտանգության գոտին համարում է իր ռազմավարական շահը, և չեմ կարծում, հենց այնպես համակերպվի Իդլիբում կրած վերջին ռազմական անհաջողությունների հետ։

- Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքընը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել է անցյալում և նորից դա կանի, իրենց վրեժը շատ դաժան կլինի: Արդյոք ռազմական հռետորաբանությունից այն կողմ կոնկրետ գործողություններ կձեռնարկվե՞ն: Ի՞նչ ապագա եք կանխատեսում այս լարվածությանը:

-Թեև Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են արդյունավետ համագործակցել էներգետիկ ու տնտեսական ոլորտներում, այդուհանդերձ, արձանագրենք, որ կողմերը մրցակցում են, հակամարտում են տարածաշրջանային անվտանգային, ռազմական ու քաղաքական սկզբունքային մի շարք հարցերում։ Պետք է նկատել, որ Սիրիայի միջնորդավորված պատերազմում կողմերի դիմակայությունը գլխավորապես միջնորդավորված է, հազվադեպ արձանագրվում են նաև ուղիղ միջամտման դեպքեր։ Ներկայում կողմերի միջև ընթանում է ուժային, դիրքային պայքար, իրավիճակը կարող է պահպանվել որոշ ժամանակ։ Նախատեսվող հանդիպումների, քննարկումների միջոցով կողմերն աստիճանաբար կփորձեն լիցքաթափել իրավիճակը։ Չեմ կարծում, որ Անկարայում կամ Մոսկվայում որոշում ընդունեն գնալ լայնածավալ գործողությունների ճանապարհով, կողմերն ավելի շուտ կփոխանակվեն հակամարտության տեղայնացված բախումներով, այն էլ՝ հիմնականում միջնորդավորված, որոնց կհաջորդեն բանակցությունները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել