Tert.am-ը գրում է.

ԱԺ արդեն անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու նպատակը ուրույն քաղաքական կուրսով շարժվելն է:

Տիգրան Ուրիխանյանը նաև 2015 թ. էր դուրս եկել ԲՀԿ-ից և ստեղծել էր «Ալյանս» կուսակցություն, իսկ այնուհետև 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր «Ծառուկյան» դաշինքով: Հարցին, թե բացառում եք, որ առաջիկա ընտրություններին կրկին ԲՀԿ ընտրացուցակով կառաջադրվեք, պատգամավորը պատասխանեց. «Բացառում եմ որևէ այլ քաղաքական ֆորմատ, որը չունի հռչակած կուրս ու ծրագիր և մենք դրան միանանք: Եվ չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կներկայացնի այդ կուրսն ու ծրագիրը»:

Խմբակցությունից դուրս գալու հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ Տիգրան Ուրիխանյանն արդեն որպես անկախ պատգամավորը զբաղվելու է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությամբ: Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ի հետ զրույցում հրապարակումը ապատեղեկատվություն և սուտ որակեց. «Կյանքը ցույց է տալու իրականությունը»,- ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանը միացել է «Սոցիալական շարժմանը», որն ստեղծվել է նախորդ տարվա նոյեմբերի 23-ին, իսկ վաղը՝ փետրվարի 29-ին, տեղի է ունենալու շարժման 2-րդ համաժողովը, որի ժամանակ, հավանաբար, կորոշվի առաջիկա հանրահավաքի ժամանակացույցը:

«Կյանքը ցույց տվեց, որ ինչ իշխանություն, ինչ կառավարիչներ էլ, որ լինեն, միևնույն է, երկրի տերերը՝ ժողովուրդը պետք է անընդհատ ուղղորդի պատասխանատուներին: Այժմ անընդհատ տեղի են ունենում բողոքի ցույցեր, դժգոհության դրսևորումներ: Դա նշանակում է, որ այդ մարդկանց խնդիրներով զբաղվել է պետք: Ես չեմ տեսնում ՀՀ քաղաքական ուժերում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիրների շրջանում, ընդգծված հատուկ սոցիալական գիծ իրականացնողների»,- նշեց անկախ պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել