Hraparak.am-ը գրում է.

2018 թ․ ապրիլի 23-ին  ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ: Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները շոկի մեջ են ընկել։ Ի՞նչ խաղ էր դա, որի համար « մեկանգամյա օգտագործել էին» ամենասուրբ մասունքը, ապրիլյան քառօրյայում հերոսաբար  զոհված զինվորի անունը։ Դա խաբեբայության ամենասրբապիղծ ձևն էր, որն արել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանը, «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։  

 Ուզում եմ մեջբերել թե ինչ էր ասում Աբաջյանի կեղծ պապիկի կինը։ Այն ժամանակ էլ, երբ լրագրողը գնացել էր, կեղծ պապիկը տանը չէր։ Ահա թե ինչ էր ասել կեղծ պապիկի կինը,  մամուլից եմ մեջբերում․

«Կյաժը՝ Ռոբերտ Աբաջյանն իրենց տանն է մեծացել եւ ամուսինը որեւէ այլ միտում չի ունեցել՝ ներկայանալով իբրեւ Աբաջյանի պապիկ»։ Այն դեպքում, երբ իրական պապիկն ասում էր․

«Ես չեմ իմանում, ով է նա, ինչ է, չգիտեմ: Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա»:

Անցավ։ Կուլ տվինք, մարսեցինք։ Իշխանության եկան։ Հիմա էլ «Այո»-ի լոգոյի հարցը։  Նույն ձեռագիրը։ 2020թ․ ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի շտաբը բաց մրցույթ էր հայտարարել։ Հաղթած լոգոն ստացավ 3 միլիոն դրամի պարգև ու ներկայացվեց հանրաքվեի քարոզչության համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկոյի ժամանակ։ Լոգոյի ներկայացման հաջորդ օրը ֆեյսբուքում տարածվեց 1991թ․ Անկախության հանրահավաքի՝ թերթերից մեկում հրապարակված լոգոն՝ պնդմամբ, որ 2020-ի «Այո»-ի լոգոն 1991-ի այդ լոգոյի գրագողությունն է։

Նույն պատմությունն է, համեմատեք․

Այս անգամ էլ մամուլում շրջանառվում է, որ լրագրողը այցելել էր հաղթող տարբերակի հեղինակ Ռաֆայել Դանիելյանի բնակարան։ Նա, ինչպես Աբաջյանի կեղծ պապիկը, տանը չի եղել և հարազատները հարցին մոտեցել են նույն թեթևությամբ։ Ահա թե ինչ է ասել պապը․ «Ես չգիտեմ որտեղ տեսել է, որտեղից վերցրել է, դա ինձ չի էլ հետաքրքրում, բայց ինքն է չէ գնահատել։ Ես միշտ գնահատել եմ գնահատողին․․․»։

Ձեռագիրը նույնն է։ Համեմատեք․ խոսքը ոչ թե երիտասարդի մասին է, այլ պետական մոտեցման, քաղաքականության մասին։ Ի վերջո դրան պիտի տրվի քաղաքական գնահատական, որովհետև մանիպուլյացիոն այս հնարքները դառնում է իշխանության գալու և իշխանությունը պահելու գործելաոճ, որտեղ ոտնահարվում են այլոց իրավունքներն ու արժանապատվությունը։  Երիտասարդն ու Աբաջյանի կեղծ պապիկն ընդամենը «կարճ օգտագործման համար էին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել