Hraparak.am-ը գրում է․

Ես զարմանում եմ ՀՀ իշխանությունների հավաքական էներգիայի վրա: Ինձ մեկ-մեկ թվում է՝ նրանց մոտ ինչ-որ բան այն չէ: Ամեն անգամ, երբ հավաքվում են մի հարց լուծելու, այնքան են ոգեւորվում, այնպես են կորցնում իրենց, որ մնում ես ափիբերան՝ սա իշխանությո՞ւն է, թե՞ գիգանտոմանիայով տառապող թզուկների հավաքածու: Նրանց հավաքներում, որպես կանոն, հանկարծ մի կարճ միացում է տեղի ունենում, եւ թզուկների այդ խումբը կերպարանափոխվում է, դառնում էներգակիր մի զանգված, որին պետք է շատ արագ լիցքաթափվել, այլապես կպայթի լիցքերի ավելցուկից: Կրկնում եմ՝ դա տեղի է ունենում նրանց հավաքներում՝ լինի ԱԺ-ում, կառավարությունում, «Դվին» հյուրանոցում, թե որեւէ ռեստորանում: Փողոցում էլ:

Հենց իրար գլխի են հավաքվում, տեղի է ունենում կարճ միացումը, ու խումբը պատրաստ է ամեն տեսակ գործողությունների, միայն թե ազատվի էներգիայի ավելցուկից: Կարող են գրոհել, օրինակ, ԱԺ-ն եւ դատարանները, ոտքի վրա շաբաթօրյակ հայտարարել եւ ի տես բոլորի՝ ծխախոտի մնացորդներ հավաքել, գնալ-քանդել ինչ-որ մեկի առանձնատունը, միլիոններ ծախսել մեկ ուրիշի ամառանոցը վերանորոգելու համար, նոր, ավելի հարմար բնակարան տեղափոխվել եւ բազում այլ տեսակի ինքնապարպումներ իրականացնել: Որ հեչ բան չգտնեն՝ մի կողմից սկսում են իրենք իրենց պարգեւատրել, թանկ ավտո առնել, նոր ինքնաթիռ գնելու «նամյոկներ» անել, մյուս կողմից էլ՝ լվացքի մեքենայի կամ հեռուստացույցի կրեդիտ փակել: Եվ այս ամենը՝ համատարած աղքատության, եռացող տարածաշրջանի անկանխատեսելի զարգացումների, ամեն վայրկյան սպասվող պատերազմի, սպառնացող կորոնավիրուսի համապատկերի վրա:

Մի նախագահի արդեն դատում էին, քիչ էր, երկրորդին բերեցին դատարան: Բա ուրիշ ի՞նչ կերպ սպառեին էներգիայի ավելցուկը: Քրքիջի պակաս կա օդում, ձեռքի հետ դա էլ պետք է լրացնե՞ն, թե՞ ոչ: Դե իսկ «Այո»-ի օսկարը վերջն էր՝ թխոցի, թխոցի մինչեւ վերջ, սկսած կիրիլիցայով գրված լոգոյից եւ վերջացրած «նոմինանտների» պարգեւատրումներով: Պարզվեց՝ 200 միլիոն գումար է հավաքվել հանրաքվեի ծախսերի համար: Քչություն չանի՞ հանկարծ: Ըստ երեւույթին, խոստումներ էլ են եղել, որոնց հեղինակները խնդրել են իրենց անունը չտալ: Թվում էր՝ ամեն ինչ այսքանով էլ կվերջանա, բայց հենց լույսը բացվեց, երկու նորություն իմացանք, երկուսն էլ՝ ԱԱԾ-ի գծով: Պարզվեց, որ ԱԱԾ-ն, ոչ առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացության, ամբողջությամբ տրվել է սատանաներ գտնելու եւ բռնելու գործին, ինչի համար գործադրել է ամերիկյան ֆիլմերից ընդօրինակած գործիքները: Մի լուրից իմացանք, որ արդեն իսկ կալանավորված մարդու առաջ «անձնական բնույթի» լուսանկարներ են դրել ու պահանջել, որ նա ցուցմունք տա մեկ այլ մարդու դեմ, իսկ մյուսից տեղեկացանք, որ նոր սրացումներ են սկսվել «Այո»-ի քարոզարշավին միացած Փաշինյանի մոտ: Վերջինս, դարձյալ ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ին հրահանգել է գաղտնալսել բոլորին, ներառյալ նաեւ այն սատանաներին, որոնք քննադատում են իրեն: Եվ այս ամենը՝ ավելի քան հաջողված դրամահավաքի ֆոնին:

Մինչդեռ կարելի էր հանգիստ խղճով մի երկու ժամ քնել, ըմբոշխնել ձեռքբերումը: Բայց՝ ո՛չ, էներգիան ելել՝ մարդկանց ուտում է, պետք է պարպեն, որ հանգստանան: Եվ, ահա, սպառնում են մարդկանց՝ կոմպրոմատներ կգտնենք, կգաղտնալսենք ձեզ, եթե մեզ քննադատեք, եթե «Ոչ»-ի քարոզ անեք… Ես կասեի՝ այս սպառնալիքներն ուղղված են նաեւ հանրաքվեի հանդեպ անտարբեր եւ գլուխ պահող թիմակիցներին: Չեն խնայելու ոչ մեկին, իշխանությանն «Այո» է պետք, թիվ պետք է «խփեն», պետք լինի՝ Տեր-Պետրոսյանին էլ կբերեն դատարան, միայն թե ժողովուրդ գա քվեարկության: Իսկ եթե, աստված չանի՝ մարդ չմասնակցի ապօրինի պլեբիսիտին, իշխանությունների հերթական սուտն է բռնվելու: Հայտարարել են, չէ՞, որ ժողովուրդն է պահանջել Հրայր Թովմասյանին գործից հանել: Եվ շատ մեծ հարց կարող է առաջանալ՝ իսկ ո՞ւր է այն ժողովուրդը, որ իշխանությանը դրդեց սահմանադրական կարգի տապալման:
ԱԱԾ-ն, ի դեպ, մինչ այս պահը պաշտոնապես չի հերքել մեր նշած լուրերից եւ ոչ մեկը, ինչը նշանակում է, որ դրանց մեջ ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա: Եվ, ուրեմն, ես ենթակա եմ գաղտնալսման առաջնահերթության կարգով, որովհետեւ Փաշինյանին ու նրա հեղափոխությունը քննադատել եմ քայլարշավի օրերից, իսկ Ֆրանսիայի հրապարակի փակումը գնահատել՝ նոնսենս ՀՀ ոստիկանության պրակտիկայում: Հարգելի ԱԱԾ, ի՞նչ եք կարծում, այսքանից հետո արժե՞ գաղտնալսել իմ հեռախոսը եւ նոր բաներ իմանալ ձեր սիրելի վարչապետի մասին:

Կանխագուշակել հանրաքվեի ելքը չէի ցանկանա, մանավանդ, որ դեռ պարզ չէ՝ տեղի կունենա՞ այն, թե՞ ոչ: Եթե հիշում եք, որոշել էին, որ Հայաստանում անասունների մորթն այսուհետեւ սպանդանոցներում են կատարելու: Բա ո՞ւր է: Խանութներն ու փողոցները լիքը միս է, իսկ սպանդանոցները, որոնք այս որոշումից առաջ էլ գործում էին, այսօր կանգնել են, մորթ չկա: Ձախողեցի՞ն… Իհարկե: Բալային համակարգ մտցրեցին, չէ՞: Ձախողեցի՞ն… Ձախողեցին: Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահն ինքն է: Ձախողեցի՞ն… Ձախողեցին: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ հանրաքվեն են հաջողելու: Արդեն իսկ տրտնջում են, թե «սեւերը» կորոնավիրուս են բերել Հայաստան, որպեսզի հանրաքվեն տեղի չունենա: Կամ մարտի 1-ի երթը: Փաշինյանը ժողովրդին երթի է հրավիրել: Առաջին անգամ «շահառուի» կարգավիճակով երթի են դուրս գալու նաեւ մարտի մեկի զոհերի իրավահաջորդները: Անչափ հետաքրքիր երթ կարող է ստացվել, եթե հաշվի առնենք, որ մարտի 1-ի գործով մնացած տուժածներին ոչ թե 30 միլիոն, այլ մի քոռ կոպեկ էլ չի հասել: Եվ այստեղ Փաշինյանին օգնության հասան «ծռերը», որոնք կոչ արեցին չեղարկել երթը՝ զգուշանալով կորոնավիրուսի տարածումից: Կձախողե՞ն երթը… Չգիտեմ: Պետք է մի փոքր էլ համբերել: Իշխանությունների այս ու մի ամբողջ շարք քրոնիկ տապալումների համատեքստում եմ ասում, որ հանրաքվեն, հնարավոր է, տեղի չունենա: Հանրաքվեի տապալման մի տարբերակ եւս կա: Երբ Փաշինյանը հասկանա, որ թե՛ «Այո»-ի եւ թե՛ «Ոչ»-ի հաղթանակի դեպքում պարտվողն ինքն է լինելու, հանրաքվեն իսկույն կչեղարկվի: Չգիտեմ ինչպես կանեն կամ ինչ կանեն, բայց մի պատճառ անպայման կգտնեն եւ ամբողջ ուժով կնետվեն իրենց մեջ կուտակված էներգիան դրա վրա թափելու: Շատ լավ պատճառ կարող են լինել, օրինակ, Արցախի ընտրությունները, եթե չհաղթի Նիկոլի սրտի թեկնածուն:

Եվ հոդվածի վերնագիրն ամբողջացնելու նպատակով՝ ավարտեմ մի պատմությամբ, որ բոլորովին կապ չունի Նիկոլի, նրա հեղափոխության եւ մանավանդ հանրաքվեի «Այո»-ի հետ: Մտա Տիգրան Մեծի «Երեւան սիթի», որ հեռախոսս լիցքավորեմ: Տերմինալի բոլոր հրահանգները սիրով եւ հերթականությամբ կատարեցի, ուզած փողն էլ ջոմարդ-ջոմարդ տվի ու սպասում եմ… Անցավ մեկ րոպե, երկու րոպե, տեսա՝ չէ, սա չի ուզում ՀԴՄ կտրոնը տալ: Քաղհասարակության մի ներկայացուցիչ կար կողքիս կանգնած.

- Երեւի ՀԴՄ-ն փչացել է, կամ թուղթն է պրծել,- ասաց նա եւ հորդորեց մի կողմ քաշվել, որ ինքը մուծում անի:

Նորից նայեցի տերմինալի էկրանին՝ ոչ մի տեղեկություն այն մասին, որ պատրաստվում է ՀԴՄ տալ ինձ: Էլ չդիմացա, տարա-բերի ու՝ տուր թե կտաս… Էկրանի գույնզգույն պատկերներն աղճատվեցին, փողը կուլ տվող ագրեգատի կանաչ լույսերը մարեցին:
Քաղհասարակության ներկայացուցիչը վախեցած զանգահարեց ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նախ լսեցին նրան, ապա խիստ տոնով դիմեցին ինձ՝ չե՞ք ամաչում, ախր սա ձեզ համար է դրված, որ արագ վճարումներ կատարեք, ինչո՞ւ եք կոտրում: Դե հիմա բարի եղեք մեզ հետ գալ բաժին եւ բացատրություն տալ:

- Իսկ կլինի՞ բացատրություն տամ, հետո տանեք բաժին:

- Կլինի:

Ես ամենայն մանրամասնությամբ պատմեցի ողջ եղելությունը՝ չմոռանալով ՀԴՄ-ի պահը: Ոստիկանը խոժոռվեց, ոտքից գլուխ չափեց տերմինալին ու որ մի հատ չտվե՞ց… Էկրանը սեւացավ, ինչ-որ տխուր ձայներ լսվեցին միջից, ապա ծուխ դուրս եկավ հետեւից: Ես թեքվեցի ոստիկանի ականջին.

- Տղերքին առ, թռեք այստեղից, թե չէ ձեզ վրա է մնալու…

Շուռ գամ տեսնեմ՝ քաղհասարակության ներկայացուցիչն արդեն թռել է: «Սիթիի» մենեջերն էլ եկավ, թե՝ պտի ԱԻՆ զանգվի…

Մինչեւ նա կզանգեր, ես դուրս եկա ծխելու եւ այլեւս չվերադարձա:

Իսկ դուք ասում էիք՝ էդ ինչ պետք է լինի, որ հանրաքվեն չեղարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել