Pastinfo.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Ալեքսան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ.-ի հունվարի 10-ին բավարարել է Ալեքսան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 30 մլն դրամը։ Այն վճարվել է եւ նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է։

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության վարկածով` նա օժանդակել է պաշտոնատար անձի` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն: Մեր տեղեկություններով՝ Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Ալեքսան Պետրոսյանի մասով քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին 2019 թվականի դեկտեմբերի 27-ին այն մուտք է եղել դատարան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` այն մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել