168․am-ը գրում է․

Երբ խոսվում է գործող իշխանությունների քաղաքական մանիպուլյացիաների և մերկապարանոց հայտարարությունների մասին, քննադատողներն անմիջապես գամվում են անարգանքի սյունին և պարսավանքի ենթարկվում, սակայն ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են իրենց համար ճանապարհ հարթելով՝ իշխանությունները հաստատում ավտորիտար կարգեր։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարբերաբար հայտարարում են դեմոկրատական արժեքներ կրելու մասին, սակայն «թավշյա քողի» տակ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են իրականացնում։

Ինչպես հայտնի է, երեկ «Դվին» ռեստորանում ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Ի սկզբանե հայտարարված էր, որ դրամահավաքը կազմակերպվել է հանրաքվեի անցկացման համար։

Հանգանակության արդյունքում հավաքվել է 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: Դրամահավաքին հիմնականում ներկա են եղել ՔՊ անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, ինչպես նաև իշխանական թիմի աջակիցներ։ Այսօր «Ոչ»-ի քարոզչական կողմը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով հանրաքվեի քարոզարշավի շրջանակում հավաքված գումարին, և դրա մի մասը՝ 105 միլիոն դրամը, ՀՀ պետական բյուջե փոխանցելուն։ Հավելենք, որ դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրեց մի դետալ, ըստ որի՝ դրամահավաքն իր բնույթով մի փոքր սկսեց տարբերվել նախապես հայտարարած նպատակից․ նա նշել է, թե այդ դրամահավաքը կազմակերպվել է ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովման համար», այնուհետև նաև հավելել, որ «նվիրատվության որոշ մասն ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ստացվում է, որ այդ «որոշ մաս» կոչվածն իրականացվելու է «Այո»-ի շտաբի ցանկությամբ, տվյալ դեպքում՝ ևս մեկ անգամ մոլորեցնելով շարքային քաղաքացուն։

Դրամահավաքի հետ կապված՝ ներկայացնենք մի քանի դիտարկում․ իրականում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ դեռևս օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակներից պատգամավորները տարբեր գործարարների, ոչ միայն խոշոր, այլև միջին, հայտնել են դրամահավաքի մասին, նշել օրը, տեղը և ժամը։ Ասել է թե՝ այս պարագայում աշխատել է իշխանության «վերահսկիչ մահակը»։ Տվյալ դեպքում հանրաքվեի դրամահավաքն իրենից ավելի շատ պետական ռեկետ էր հիշեցնում։

Նիկոլ Փաշինյանի այն ելույթը, որին ականատես դարձանք դրամահավաք-երեկոյի ժամանակ, նրա հնչեցրած հայտարարությունները վկայում էին այն մասին, որ մի քանի օրից մեկնարկող նախընտրական քարոզարշավը լինելու է հերթական ատելության քարոզը, որի ընթացքում բաց է թողնվելու չարության ու ատելության հերթական չափաբաժինը։

Չունենալով ոչ մի իրավական հիմնավորում, թե գործող ՍԴ-ն հատկապես իր դրսևորած որ վարքագծով է խանգարում երկրում դատաիրավական համակարգի բնականոն ընթացքի աշխատանքին՝ Փաշինյանը ոչ մի շոշափելի փաստարկ չներկայացրեց, որովհետև դրանք իրականում գոյություն չունեն, և նրա խոսքից պարզ նկատվեց, որ հերթական անգամ բոլորս ականատես ենք լինելու քաղաքական գործընթացի։ Ինչպես հիմնականում իր բոլոր ելույթներում, այս անգամ ևս նա խոսում էր հակապետական ուժերի մասին։ Հարց է առաջանում՝ երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե գործող ՍԴ-ն այսօր վայելում է ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնության անվստահությունը, ո՞ր բացարձակ մեծամասնությանը նկատի ունի, նրանց, որ իրեն տվել են 880 հազար ձա՞յն, թե՞ ՀՀ ընտրելու իրավունք ունեցող այն 57 տոկոս քաղաքացիների, որոնք ընդհանրապես չեն մասնակցել 2018-ի խորհրդարանական արտահերթին։

Իշխանության գալուց հետո Փաշինյանն ընտրել է մարտավարական այնպիսի աշխատող տարբերակ, համաձայն որի՝ նա կարողացել է հանրությանն արդեն վարժեցնել այն թեզին, որ «հայ ժողովրդի մասին մտածում է բացառապես ինքը և իր քաղաքական թիմը», «նախկին իշխանությունները ոչ մի բանով չեն նպաստել Հայաստանի և ՀՀ քաղաքացու զարգացմանն ու կայացմանը, միայն կեղեքվել են», կամ ասենք՝ «ՀՀ-ում մնացած բոլոր քաղաքական ուժերը խոչընդոտում են իր աշխատանքին ու ամեն կերպ փորձում են տապալել հեղափոխությունը»։ Եվ ժողովուրդն ընդունում է այս դրույթները, ավելին՝ հոտընկայս ծափահարում է նրան։

Մոտ երկու տարի Փաշինյանը չկարողացավ դուրս գալ հեղափոխության ազդեցությունից, չկարողացավ իր հեղափոխական կերպարը փոխարինել պետական գործչի, առավել ևս՝ պետության ղեկավարի կերպարի հետ։
Փաստացի ունենք մի վիճակ, երբ մարդիկ, որոնք երկու տարի առաջ իրենց քայլարշավն իրականացնելու համար կարողացել էին հազիվ 100-200 հազար դրամ հավաքել, արդեն իշխանություն դառնալուց հետո, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, 205 մլն դրամ են հավաքագրում՝ իրենց քաղաքական քմահաճույքը կյանքի կոչելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել