Pastinfo.am-ը գրում է.

Զանգակատան հատվածում միջպետական 9 կմ երկարությամբ ճանապարհահատվածը 2020-ին հիմնանորոգվելու է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Վերջինս վստահեցրեց՝ Արարատի մարզը Վայոց Ձորին կապող ճանապարհի այդ հատվածում այլևս անհարմարություններ չեն լինելու։

Հիմնանորոգվելու են Հանրապետական նշանակության մի շարք այլ ճանապարհներ. «Այս տարի կառավարության կողմից 500 կմ ճանապարհահատվածի 27 կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին»,-նշեց մարզպետը։

Արարատի մարզն օգտվելու է նաև զբոսաշրջության կոմիտեի ծրագրերից։ Գարիկ Սարգսյանի խոսքով հիմնանորոգվելու է նաև 18 կմ ճանապարհահատված, որն Արարատի մարզը կապելու է Կոտայքի մարզին, ինչը մարզպետի կարծիքով զբոսաշրջային լավ ուղղություն է. «Զբոսաշրջիկներն անմիջապես Գառնիից կարող են գալ Դվին։ Այնտեղ Զբոսաշրջության կոմիտեի կողից այս տարվա ծրագրով կա նաև թանգարանի կառուցում։ Այս պահին ընթանում են Խոր Վիրապի վանական համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքները։ Թանգարանը կկառուցվի հենց Դվինի հնավայրի տարածքում, որտեղ կան գտածոներ, պատմամշակութային արժեք ներկայացնող էքսպոնատներ, որոնք այս պահին բաց երկնքի տակ են և վնասվելու հավանականությունը մեծ է, ուստի դեռևս վաղուց էր նախատեսված այնտեղ կառուցել թանգարան»,-հավելեց Գարի Սարգսյանը։

Մարզպետն անդրադարձավ նաև այս տարի մարզպետարանի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հայտերին։ Նախորդ տարի ներկայացվել էր 80 հայտ, որից 59-ն էր հաստատվել, իսկ այս տարի մարզպետարանը ներկայացրել է 112 հայտ, որից մարզպետը դեռևս չի կարող ասել քանիսը կհաստատվի, սակայն լիահույս է, որ մեծ մասը կհաստատվի, քանի որ դրանց ուղղությամբ համայքնների հետ մեծ աշխատանքներ են կատարել. «Դրանք հիմնականում առաջնահերթ լուծում պահանջող և հրատապ ծրագրեր են։ Գերակշռում է ասֆալտապատումը, քանի որ համայնքի ներքին ճանապարհները շատ վատ վիճակում են գտնվում։ Կան նաև մանկապարտեզի վերանորոգման, լուսավորության ցանցի անցկացման, գազաֆիկացման, ջրատար խողովակների և ոռոգման ցանցերի հիմնանորոգման և նորերի կառուցման վերաբերյալ ծրագրեր։ Նախնական մոտ 4.4 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են»,-ընդգծեց մարզպետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել