Hraparak.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության առնչությամբ ի հայտ եկած հանրային հրավառությունը վկայությունն է այն պարզ իրողության, որ մենք ապրում ենք բարոյական անկման և մարդկային արժեքների ձևախեղման ժամանակաշրջանում։ Իսկապես տպավորությունն այդպիսին է, քանի որ մարդկային ուրախությունն ամենևին էլ պայմանավորված չէ արդարության հաղթանակով, ընդհակառակը՝ կարծես թե բնակչության մի զգալի մասի ակնկալածը հեղափոխական տեռորն է։ Մարդիկ թքած ունեն ինչպես արդարության, այնպես էլ իրավականության գաղափարների վրա, ընդամենը տիրապետող է վրեժխնդրության անհրաժեշտությունն ու ինչ-որ մեկին ոչնչացնելու գնով երջանկության հասնելու մտայնությունը։ Այսինքն, ժողովուրդ կոչվածն այն համոզմունքն ունի, որ եթե Սերժ Սարգսյանը մահապատժի ենթարկվի, ապա ինքն այլևս ապրելու է բարեկեցիկ և երջանիկ կյանքով։ 

Ի դեպ ես չեմ պնդում, թե Սերժ Սարգսյանը քաղհալածյալ է կամ էլ հետապնդվում է Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից, ավելին՝ որևէ կարծիք չեմ արտահայտում իրավական այդ գործընթացի վերաբերյալ։ Բայց իրավական գործընթացից անդին ես նաև վրեժի զգացողություն էլ  չունեմ, նա ինձ համար արդեն իսկ անցյալ է, որին ես հաղթել եմ որպես շարքային քաղաքացի։ Այսինքն, երրորդ նախագահի հետ ես այլևս պարտք ու պահանջ չունեմ, մնացյալը իրավապահների և դատական համակարգի հետաքրքրության ոլորտում է։ Եթե Սերժ Սարգսյանը որևէ հանցանք է գործել, ապա թող իրավական պատասխանատվության ենթարկվի։ 

Իմ ասածն ընդամենը այն է, որ հայ հանրությունը անառողջ է և հիվանդ։ Ավելի շուտ նրան դարձրել են այդպիսին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս անառողջ իրավիճակի պատասխանատուներից մեկն է։ Վերջին քսան տարիներին հանրությունը ապրել է ծխացող թմբիրի կարգավիճակով, որը պարբերաբար լիցքավորվել է բացասական էներգիայով, արատավոր ու փտած գաղափարներով։ 2018 թ․-ին այդ թմբիրը պայթեց, դժոխքի դարպասները բացվեցին, ինչի հետևանքով չար ոգիները ազատություն ստացան, կուտակված ամբողջ կեղտն ու հիվանդությունները  ողողեցին մտածողության ամբողջ տարածությունը։

Փաստենք, որ օրվա իշխանությունը ոչինչ չի անում հանրության առողջացման ուղղությամբ, ընդհակառակը՝ կառավարող թիմն իր անհետևողական և անվճռական քայլերով էլ ավելի է խորացնում խնդիրը։ Մարդիկ շարունակում են երազել հեղափոխական տեռորի և հաշվեհարդարի մասին։ Փաշինյանը մի կողմից հրաժարվում է կյանքի կոչել նրանց այդ երազանքը, իսկ մյուս կողմից էլ չի կարողանում ցույց տալ դրա այլընտրանքը, ինչի հետևանքով էլ հանրությունը շարունակում է թաղված մնալ անարդարության բարդույթի մեջ։ Բռնության ցանկությունը երբեք չի կարող ի սպառ վերանալ, այն կարող է միայն ժամանակավորապես անշարժանալ ու թմրեցվել՝ ինչ-որ մի օր արթնանալու հեռանկարով։ Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ եթե կառավարող թիմն այդպես էլ չկարողանա  ցույց տալ խաղաղ պետականշինության այլընտրանքը, ապա այդ բռնությունը՝ որպես մտածողություն, նորից վերածնվելու է, իսկ հարվածի թիրախում հայտնվելու է հենց Փաշինյանի կառավարությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել