Կար տարածված մի լեգենդ, թե խորհրդային տարիներին արտամուսնական սեռական հարաբերություններ չկային, իսկ մարմնավաճառություն՝ առավել ևս։ Բոլոր նրանք, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում, գիտեն, որ այդ ամենն էլ եղել է, պարզապես դրանց մասին խոսելն ընդունված չէր։

Այս իրողությունը շատ պատկերավոր ներկայացնում է այսօրվա պատմությունը, որը տխուր է, բարի և միևնույն ժամանակ ծիծաղելի։ Պատմությունը հեռավոր գյուղից եկած աղջկա մասին է, որն իր պարզությամբ գրավել է մեծ քաղաքը։

Այն տեղի է ունեցել դեռևս 80-ականներին, երբ ինժեների աշխատավարձը 130 ռուբլի էր կազմում, ինտերնետ չկար, իսկ կոմունիստներն էլ լուսավոր ապագայի մասին իրենց հեքիաթներն էին պատմում։

Հեռավոր Կարելիայից աղջիկը եկել էր Լենինգրադ՝ բուհ ընդունվելու։ Սակայն քննությունները ձախողելուց հետո նա աշխատանքի է ընդունվում գործարանում և մի փոքրիկ սենյակ ստանում բանվորական հանրակացարանում։

Իր հետ բերած փողերը շատ արագ սպառվեցին, աշխատավարձը չէր հերիքում, տուն գնալ էլ չէր ուզում։ Ընկերուհիները նրան հուշեցին, թե որտեղ կարող է փող աշխատել։ Նրան բացատրեցին, թե ուր գնա, որտեղ կանգնի, ինչ մեքենաների սպասի։

Եվ ահա 17 տարեկան գյուղացի աղջիկն առանց հետին մտքի հայտնվեց նշված հասցեում։ Շուտով նրան մեքենա մոտեցավ․

— Ո՞ւմ ես սպասում։

— Փող պետք է աշխատեմ,- համարձակ ասաց աղջիկը։

Դրան քմծիծաղ հետևեց։

— Նստիր, կտանենք, կվաստակես․․․

— Նրան տարան մի թափթփված, բայց լավ տուն, որտեղ երևում էր, որ վաղուց կնոջ ձեռք չի դիպել։

— Դե ինչ, գնա լոգարան, լվա, ինչ պետք է, իսկ մենք այստեղ կսպասենք։

Դուռն իր հետևից փակելով՝ աղջիկն ուրախ գնաց դեպի լոգարան։

Այդ ընթացքում տղաները բացեցին շամպայնը, մի թեթև խմեցին, երաժշտություն միացրին և թուլացած սպասում էին աղջկան, իսկ գեղեցկուհին չկար ու չկար։ Չդիմանալով տղաները դուրս եկան նրան շտապեցնելու։

Նրանց աչքի առաջ ահա այսպիսի տեսարան բացվեց․ աղջիկը կանգնած էր լաթը ձեռքին, զուգարանն ու լոգարանը փայլում էին, ամբողջ սպասքը լվացված էր։ Ամիսներով չմաքրված և յուղոտ գազօջախը փայլում էր մաքրությունից։

Տղաների մոտ շոկ էր․ նման բան նրանք առաջին անգամ էին տեսնում։ Աչքերում զարմանք էր։ Նրանցից մեկը հանեց դրամապանակը, 8 հատ 25 ռուբլիանոց հաշվեց և տվեց աղջկան։

- Այ քեզ բան, սա ի՞նձ,- աղջիկը չէր հավատում իր աչքերին։

- Քեզ, քեզ, տուն գնա, հոգնել ես երևի, տաքսի կանչե՞նք։

- Տղաներ, այստեղ դեռ այնքան բան կա մաքրելու։ Եկեք ես պատուհաններն էլ լվանամ, չհասցրի։

Խորհրդային մոխրոտիկը պահեց իր պատիվն ու միևնույն ժամանակ գումար աշխատեց։ Զուր չեն ասում, որ մարդու հետ տեղի է ունենում այն, ինչին նա գիտակցված կամ ենթագիտակցորեն տրամադրվում է։

Մեր պատմության հերոսուհին ցանկանում էր ազնիվ փող աշխատել, և նրան նման հնարավորություն ընձեռվեց անգամ այդքան տարօրինակ հանգամանքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել