Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այս պահին քննարկվում է դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը։

«Ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին՝պաշտպանության կողմի մոտ մեղադրողի անաչառության, անկողմնակալության, անկախության նկատմամբ, մեղադրողի կողմից սույն քրեական գործով ինքնուրույն գործելու, զանազան կողմնակի ազդեցություններից, ճնշումներից զերծ մնալու, ենթադրություններով չառաջնորդվելու կարողությունների մասին ողջամիտ կասկածներ են հարուցվել»,- ասաց պաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ դատախազը նախաքննական մարմնի խախտումներին չի արձագանքել, ավելին՝ թույլ է տվել խախտումներ։

Անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանի և Սերգո Կարապետյանի միջև առերեսմանը, պաշտպանն ասաց, որ քննիչն՝ առանց աշխատասենյակից դուրս գալու, սեղանին դրված փաթեթն ուղղակի շրջել է և հայտարարել, որ դա նրան որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է։

Պաշտպանի խոսքով՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը կայացվել է նախքան քննչական գործողություններ կատարելը, ինչից կարելի է ենթադրել, որ հարցաքննությունը և առերեսումն ունեցել են ձևական բնույթ։

«Ավելին՝ քննիչը համոզված է եղել, թե ինչ ցուցմունք է տալու առերեսում տված անձը»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պաշտպաններին առերեսման մասին տեղեկատվություն չի տրամադրվել։

Պաշտպանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։

«ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը կազմված է մեկ ապացույցի՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել