Hraparak.am-ը գրում է.

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը կմնա կալանքի տակ։  Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանի պաշտպանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժել է կալանավորման դեմ տարած իր բողոքը։
Ըստ պաշտպանի՝ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։

Նրա խոսքով՝ հիմնավոր կասկածը բացակայում է, Վազգեն Պողոսյանն իրեն մեղսագրվող արարքը չի կատարել․ «Ցուցմունք տվել է, մանրամասն ներկայացրել է այն հանգամանքները, որոնք իր անմեղության մասին վկայում են»։

-Ինքն ասում է, որ Վերմիշյանին գումար չի՞ տվել կաշառքի տեսքով։

-Ոչ միայն ինքն է ասում, այլ նաեւ գործում հակառակ ապացույց որեւէ տվյալ չկա։

-Ցուցմունք չկա՞ իր դեմ։

-Ոչ մի տվյալ չկա հակառակն ապացուցող։

-Իսկ ինչի՞ հիման վրա են կալանավորել։

-Ես չեմ կարա ասեմ՝ ինչի հիման վրա են կալանավորել։ Վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությունը չեմ կարող մեկնաբանել։ Գործի նյութերն եմ ես նայում, գործի նյութերում իրեն մեղսագրվող արարքի վերաբերյալ որեւէ հիմնավոր տվյալ գոյություն չունի, ընդհանրապես տվյալ գոյություն չունի։

-Վերջերս Պողոսյանի գործընկերները ստորագրահավաք էին արել՝ այն ներկայացնելով վարույթն իրականացնող մարմնին, որեւէ նշանակություն ունեցա՞վ դա։

-Խոսքը վերաբերում է «Շինարարների միությանը», որի առաջին հիմնադիր-անդամը եղել է իմ վստահորդը։ Իսկ ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Գալստյանը։ Բնակաբանար այդ տվյալները կարեւոր են, բնութագրական խնդիրներ են, ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի հաշվի առնվի, թե ում վերաբերյալ է գործ քննվում։

-Առողջական խնդիրներ ունի՞ Վազգեն Պողոսյանը։

-Շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, հանդիսանում է երկրորդ կարգի դիաբետիկ, ինսուլինի կախվածություն, սրտի վիրահատություններ է տարել, 70 տարեկան մարդ՝ շատ լուրջ առողջական խնդիրներով։

-Ներկայացրի՞ք դա Վերաքննիչում։

-Իհարկե։

-Քննիչն ի՞նչ առարկություններ է ներկայացնում ձեր բողոքի դեմ։

-Առաջին ատյանը գտել է, որ թաքնվելը իրավաչափ չէ, խոչտընդոտելու հանգամանքն էր դրել, ինչը մենք բողոքարկել էինք։

-Ձեր պաշտպանյալը շփում ունեցե՞լ է Վերմիշյանի հետ։

-Մեկը Քաղաքաշինության կոմիտեի նախագահն է, մեկը ամենամեծ շինարարական ընկերության ղեկավար, բնականաբար, ճանաչել են իրար, բայց այդ շփումը եղել է որպես պետական կառույցի ղեկավարի եւ  մեծ հիմնարկի ղեկավարի շփում։

Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5–ին, ապա կալանավորվել է։
 

ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել