«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված հսկողություն է լինելու: Բանն այն է, որ դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, սպասվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը: Գործով կա ընդհանուր թվով 5 մեղադրյալ, այդ թվում՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Սերժ Սարգսյանի մտերիմներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Եվ ուժեղացված հսկողություն սահմանելու մասին որոշումը պատահական չէ, քանի որ Հանրապետական կուսակցության անդամները և նրանց աջակիցները որոշել են այսօր հավաքվել դատարանի դիմաց՝ սատարելու համար իրենց կուսակցության ղեկավարին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Շատ մարդիկ են գալու դատարանի դիմաց, որպեսզի կանգնենք մեր կուսակցության ղեկավարի կողքին»: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաև դատավոր Վահե Միսակյանի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավոր Վահե Միսակյանը ցանկանում է ինքնաբացարկ հայտնել: Դատավորն այս առնչությամբ մեզ հետ զրույցում նշել էր. «Առհասարակ, ինձ ո՛չ վախեցրել են, ո՛չ վախեցնում են, ո՛չ էլ ինչ-որ բանից վախենում եմ: Ես որևէ կաշկանդվելու պատճառ ո՛չ ունեմ, ո՛չ էլ որևէ հանգամանք կա»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, վերջինս ասել է, որ չի ցանկանում այդ գործը քննել, իսկ նրան բացատրել են՝ համակարգիչը ընտրել է իրեն ,և այլ տարբերակ չունի, պետք է քննի:

Այս իրավիճակը նաև ուշագրավ է նրանով, որ Հանրապետական կուսակցության անդամներն իրենց նախկինում անպարտելի էին համարում, Սերժ Սարգսյանին՝ անփոխարինելի: «Իշխանությունը Մելիք-Ադամյանով» անցնելու մասին հայտարարություններով հպարտացող Սերժ Սարգսյանն այսօր պետք է ներկայանա դատարանին: Եվ եթե անգամ թավշյա հեղափոխությունը ոչինչ չտար, ապա այս տեսարանը բավական էր՝ ՀՀԿ-ի ամբարտավան կերպարը կոտրված տեսնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել