Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի և ամբոխի ստրուկը չեմ կարող լինել: Եվ քաղաքական այս կամ այն երևույթների նկատմամբ իմ բնորոշումները չեն վաճառվել և չեն վաճառվում:
Այս նախաբանը գրում եմ, չնայած վստահ եմ, որ կարդացողների մեջ այնուամենայնիվ գտնվելու են մարդիկ, ովքեր մտածելու են, թե ես, ինչպես յուրքանչյուր մարդ, ով չի թմբկահարում Նիկոլ Փաշինյանի կամ հեղափոխական իշխանության ցանկացած որոշում, ազգի դավաճան ենք, Պիցառաստ ենք, կերակրատաշտից հեռացված հակահեղափոխականներ ենք և այլն․․․

Ապրիլի 5֊ին ես ՈՉ եմ ասելու Սահմանադրական փոփոխություններին, որովհետև չեմ ուզում բավարարել պետության բացարձակ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանի կամակորությունը, այն Նիկոլ Փաշինյանի, ով 2017 թվականից Սերժ Սարգսյանին մեղադրում է Սահմանադրության փոփոխության միջոցով իշխանության հավերժացման փորձի, Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանի հագով Սահմանադրություն կարելու մեջ, իսկ իշխանության գալուց հետո հագնում է Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրությունը, և ժողովրդին ընտրատեղամասեր է տանում ոչ թե Սահմանադրության փոփոխության այ Սահմանադրական դրույթի փոփոխության համար: Ես ՈՉ եմ ասելու որովհետև վախենում եմ, որ հակակշիռ չունեցող ցանկացած իշխանություն դատապարտված է ձախողման, որովհետև չեմ ուզում ապագա իշխանությունների համար ստեղծել իր համար անցանկալի դատական իշխանությանը հեռացնելու նախադեպ: Որովհետև չեմ վստահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության որոշման ճշմարտացիությանը, այդ քաղաքացիները տարիներ շարունակ չեն ստացել բավարար կրթություն, չունեն պետության կառուցվածքի մասին բավականաչափ գիտելիքներ, նրանք տարիներ շարունակ տապալել են իրենց ընտրելու հնարվորությունը, նրանք չեն դադարել կաշառել կամ կաշառվել, նրանք պահանջել են արդարություն և հավասարություն քանի դեռ այդ արդարությունն ու հավասարությունը չի տարածվել իրենց վրա, իսկ իրենց վրա տարածվելու դեպքում բոյկոտել են ցանկացած օրենք ու իրավական պետություն ստեղծելու ցանկացած փորձ: Այդ քաղաքացիները շարունակում են իրենց որդիներին բանակից ազատել, նրանք շարունակում են իրենց զավակներին կաշառքով համալսարաններ ընդունել, կաշառքով դիպլոմներ ձեռք բերել ու զոռբայությամբ պետական պաշտոններում տեղավորելը:
Նիկոլ Փաշինյանն իրավացի է՝ Հրայր Թովմասյանն այո՛ ծառայել է Սերժ Սարգսյանի վարչակազմին, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունը Հրայր Թովմասյանի ձեռքով փորձել է հավերժացնել Հայաստանում իր իշխանությունը, բայց երբ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու պատճառների ցանկում նշում է Սերժ Սարգսյանի իշխանությանը մատուցած նրա ծառայությունները, ես ակամայից հիշում եմ հետևյալ մարդկանց․
ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ ֊ հեղափոխությունից առաջ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ, հեղափոխությունից հետո Սյունիքի մարզպետ․
ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆ ֊ հեղափոխությունից առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանապետ․
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ ֊ հեղափոխությունից առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տեղակալ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, հեղափոխոիւթյունից հետո պաշտպանության նախարար․
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ ֊ Հեղափոխությունից առաջ Ազգային Անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն․
ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ ֊ հեղափոխությունից առաջ ՀՀ գլխավոր գանձապետ, հեղափոխությունից հետո ֆինանսների նախարար․
Ցանկն անվերջ կարելի է շարունակել:

Ես ոչինչ չունեմ վերը թվարկված մարդկանց դեմ, չեմ կասկածում նրանց մասնագիտական հմտությունների, փորձառության ու բացառիկ կարողությունների վրա, բայց եթե Հայաստանի քաղաքացիներին բերում ենք ընտրատեղամասեր որպեսզի ազատվենք Հրայր Թովմասյանից այն պատճառով, որ նա ծառայել է Սերժ Սարգսյանի վարչակազմին, ապա այդ մեղադրանքով գիլիոտինի տակ պիտի հայտնվեն Սերժ Սարգսյան իշխանությանը ծառայած բոլոր պաշտոնյաները, իսկ եթե ոչ, ապա այդ պատճառաբանությունը հանցակազմ չէ նաև Հրայր Թովմասյանի կենսագրության մեջ:

Ես պատեհապաշտ չեմ, և ի տարբերություն որոշ ընկերներիս, հեղափոխությունից հետո պետական պաշտոններ ստանձնած իմ ընկերների միջոցով չեմ փորձել զբաղեցնել իմ տեղը իշխանության արևի տակ, ու հիմա էլ տուրք չեմ տալիս դատարանների դռներ փակելուն, հանրաքվեով երկրի դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նվիրելուն: Ես, ինչպես դուք բոլորդ, զգացել եմ մեծամասնության որոշումների կործանարար հետևանքները, ու չնայած Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անաչառության նկատմամբ ունեցած անվստահությանս, այնուամենայնիվ զգում եմ ապրիլի 5֊ին երկրի բացարձակ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու կործանարար հետևանքների ծանրությունը:

Կալիգուլան ու Ներոնը վկա՝ ատելության ու վրեժի վրա հիմնված ցանկացած բան չարիք է, ժողովրդի հեղափոխական էյֆորիան անձնական նպատակներին ծառայեցնելու ցանկացած փորձ չարագործություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել