Մանհեթենի դատարանում ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքի հինգ դրվագից երկուսի դեպքում, գրում է The New York Times-ը:

Նրան մեղավոր են ճանաչել երրորդ աստիճանի բռնաբարության և առաջին աստիճանի սեռական հարաբերության դրդման մեջ: Մինչև դատավճռի հրապարակումը Վայնշտեյնը կմնա բանտում:

Մանհեթենում Վայնշտեյնին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության երկու դրվագների, սեռական ոտնձգությունների երկու դեպքի և բռնի օրալ սեքսի համար: Որպես տուժածներ հանդես են եկել Ջեսիկա Մանը և Միրիամ Հալեյը: Պրոդյուսերն ինքն իրեն մեղավոր չի ճանաչել, ասելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Նրան ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն էր սպառնում:

Դատարանին ոտնձգությունների և բռնաբարությունների մասին հայտնել են ևս չորս կանայք, բայց մեղադրանքներ չի առաջադրվել վաղեմության ժամկետը լրանալու կամ այն պատճառով, որ իրադարձությունները տեղի են ունեցել այլ նահանգներում: Տուժածների ցուցմունքները դատարանը կցել է գործի նյութերին:

Վայնշտեյնի դեմ գործ է հարուցվել նաև  Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելեսում: Այս անգամ տուժողի դերում են Լորեն Յանգը և ևս մեկ կին: Դատավարությունը կսկսվի Նյու Յորքում դատավարության ավարտից հետո:

Պրոդյուսերի նկատմամբ առաջին անգամ մեղադրանքներ են հնչել 2017-ի վերջին՝  The New York Times-ի էջերից:

Պարբերականը գրել էր վերջին 30 տարվա ընթացքում տուժած բազմաթիվ երիտասարդ դերասանուհիների և աշխատակիցների մասին: Ավելի քան 80 կին է խոսել Վայնշտեյնի կողմից ոտնձգությունների ենթարկվելու մասին, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել