Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ իշխանությունները պետական համակարգի աշխատողների բազային աշխատավարձի բարձրացման չեն գնում, որովհետև կպահանջվեր անհամեմատ ավելի շատ միջոցներ, քան տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները:

Պարգևատրումներով աշխատավարձի բարձրացումը, ըստ նրա՝ իշխանությանը հնարավորություն է տվել մի քանի անգամ քիչ գումար ծախսելով կրկնապատկել բարձրաստիճանների՝ ընտրյալների աշխատավարձը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ անհասկանալի է համարում պարգևավճարներով աշխատավարձի բարձրացումը: Նրա կարծիքով՝ 1.5-2 տարին բավարար էր պետական համակարգում վարձատրության խնդիրներն ուսումնասիրելու և լուծումներն առաջարկելու համար:

Պետական համակարգում պարգևավճարների հետ կապված շուրջ 1.5 տարի առաջ բարձրացված աղմուկից հետո հարցին համակարգային, վերջնական լուծում չի տրվում: Իշխանության ներկայացուցիչները աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում էին որակյալ մասնագետներին պետական ապարատ ներգրավելու, պաշտոնյաներին կաշառք վերցնելու գայթակղությունից հետ պահելու համար: Այդ իսկ պատճառով 1.5-2 տարի է բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են ավելի բարձր, կայուն պարգևավճարներ, սակայն հարց է, թե ինչու իշխանությունը չի գնում բազային աշխատավարձի բարձրացման, քանի որ պարգևավճարների նպատակը ոչ թե աշխատավարձի բարձրացումն է, այլ լավ աշխատանքի խրախուսումն է, արդյունավետության բարձրացումը:

Առաջին անգամ պարգևավճարների թեման հանրային հնչեղություն ստացավ 2018թ. վերջին, երբ պարզվեց, որ Պետական եկամուտների կոմիտեում միլիոնավոր դրամների պարգևավճարներ են բաժանվել: Հասարակական դժգոհության այս ալիքի ֆոնին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ պարգևավճարների թեմայի հետ կապված կա թյուրըմբռնում, և որ պետական կառավարման համակարգում պարգևավճարներն աշխատավարձի մաս են:

Դժգոհության երկրորդ ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել էր: Վարչապետի այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սահմանվել է նախարարների, մարզպետների, գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափ։ Դրանց համաձայն՝ նախարարների ամսական աշխատավարձն ու պարգևավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, մարզպետներինը՝ 900 հազար դրամ:

Գերատեսչություններում պարգևատրման ֆոնդը 10 տոկոսի փոխարեն դարձել էր 30 տոկոս և գրեթե բոլոր պետական ծառայողները ստանում էին այսչափ պարգևավճար, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում աշխատավարձը կրկնապատկվել էր:

Մինչդեռ, պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12 է, հետևաբար, նրանց ամսական աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ, իսկ նախարարի տեղակալինը՝ 562 հազար 190 դրամ: Իսկ մարզպետի աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը 10 է, հետևաբար՝ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ:

Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում մեկնաբանելով գաղտնի որոշումը, հայտարարել էր, որ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ. «Անցած տարի պարգևատրումային, այսպես կոչված սկանդալի արդյունքում, այս դահլիճում քննարկումներ ենք ունեցել և արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա, և խնդիր է դրվել, որ նույն սանդղակի մարդիկ նույն աշխատավարձը պետք է ստանան»,-պարզաբանել էր Նիկոլ Փաշինյանը:

2019թ. գերատեսչություններում պարգևավճարների չափերն ըստ Antifake.am կայքի հարցման՝  կազմել են, օրինակ՝ ֆինանսների նախարարությունում 2019թ. պարգևավճարները կազմել են 525 մլն 623 հազար դրամ, իսկ Էկոնոմիկայի նախարարությունում ավելի քան 495 մլն դրամ պարգևավճար տրվել: Ընդհանուր առմամբ, 8 նախարարություններում (ոչ բոլոր գերատեսչություններից են հարցումներին պատասխանել) նախորդ տարվա ընթացքում պարգևավճարները կազմել են մոտ 3 մլրդ դրամ:

Վարչապետի աշխատակազմը հրաժարվել է տրամադրել պարգևավճարների վերաբերյալ տեղեկություններ, իսկ Կառավարությանն առընթեր մարմիններում պարգևավճարների վիճակագրությունը հետևյալն է. ՊԵԿ՝ շուրջ 5.6 միլիարդ դրամ, Քաղաքաշինության կոմիտե՝ 91.8 մլն դրամ, ՍԱՏՄ՝ 272 մլն դրամ և այլն:

Տավուշի, Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետարաններում 2019թ. տրամադրվել է ընդհանուր առմամբ 485.9 մլն դրամ:

Բացի ՊԵԿ-ից, պարգևավճարային «առաջատարներ» կարելի է համարել նաև Երևանի քաղաքապետարանը, որտեղ 2019թ. շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճար է բաժանվել, այնուհետև Ազգային ժողովը, որտեղ էլ պարգևավճարների չափը կազմել է մատ 900 մլն դրամ: Ընդ որում, ԱԺ-ում և Երևանի քաղաքապետարանում պարգևատրումներ են եղել նաև 2020թ. հունվարի 17 աշխատանքային օրերի համար՝ քաղաքապետարանում՝ 6 մլն 590 հազար դրամ, օրենսդիրում՝ 174 մլն դրամ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պարգևատրումների այն ձևը, որը իշխանափոխությունից հետո է որդեգրվել, մի քանի առումով խնդրահարույց է:

Առաջինը, ըստ նրա՝ իրավականն է. 2014թ. ՀՀ-ում ներդրվել էր պետական ծառայողների վարձատրության միասնական համակարգ, որով նախկինում առկա խնդիրները փորձ էր արվել լուծել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել