168.am-ը գրում է․

Փետրվարի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է բերման ենթարկվել՝ կաշառք ստանալու համար։

Այս հաղորդագրությունից ժամեր անց ԵՊՀ-ն հերքեց դասախոսին բերման ենթարկելու մասին տարածված տեղեկությունը: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»,- հայտարարել էր ԵՊՀ-ն։

168.am-ը ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեց, թե այս գործընթացն ի՞նչ փուլում է։

«Հարցի հասցեատերը ԱԱԾ-ն է, ԵՊՀ-ն պաշտոնական հաղորդագրություն է  տարածել և հստակ ասել, որ որևէ դասախոս բերման ենթարկված չկա»,- նշեց Գ. Էմին-Տերյանը։

Հարցին, թե ԱԱԾ-ն կոնկրետ ո՞ր դասախոսին է նկատի ունեցել իր հաղորդագրության մեջ, պարզե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ տեղյակ չէ, քանի որ փաստը մնում է  փաստ, որ ԵՊՀ-ից բերման ենթարկված դասախոս չկա։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ձեռնամուխ եղել է հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել ԵՊՀ-ում, ի վերջո, կրթական հաստատությունը հերքել է ԱԱԾ-ին։

«Քանի դեռ քննություն է ընթանում, ես որևէ դեպքի մասին մեկնաբանություն չեմ տալիս, նախկինում էլ այս սկզբունքը պահպանել եմ և չեմ խախտում»,- նշեց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել