Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով այսօրվա դատական նիստում ուսումնասիրվում են 2018թ ապրիլի 16-ին և 22-ին ՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների տեսաձայնագրությունները։ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները նկարագրող տեսանյութերում երևում են ոստիկանական ուժերի և ակցիայի մասնակիցների միջև բախումները, մասնավորապես՝ դրանց ժամանակ արձակված լուսաձայնային նռնակների պայթյունից առաջացած ծուխը և վիրավորում ստացած անձինք։ 

Պաշտպան Տիգրան Սաֆարյանը, անդրադառնալով տեսաձայնագրությանը, նշեց, որ առաջին տեսանյութը մոնտաժված է։ Ինչ վերաբերում է փշալարերին, ապա պաշտպանն ասաց, որ դա Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմի ենթակայությամբ կիրառվող հատուկ միջոց էր և Երևանի վարչությունն էր դա բացել, որի պատճառով ոստիկանական ուժերի մի մասը մնացել էր ցուցարարների հատվածում։ Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ հավաքի մասնակիցները նախապես չեն զգուշացվել հատուկ միջոցների հնարավոր կիրառման մասին։

Այսօրվա դատական նիստին ներկայացրել էր նաեւ գործով տուժող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան, որը հայտարարեց, թե ամբողջ ժամանակահատվածում տարվել է այն քաղաքականությունը, որ որևէ բռնություն չկիրառվի և բռնություն կիրառող անձինք սադրիչներ են։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ այդ ժամանակ եղել են կազմակերպված սադրիչների խմբեր։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Նշենք նաև, որ գործով տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել