168.am-ը գրում է․

«Անվտանգությունը մշտապես եղել է ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր բաղադրիչը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հնչող վերջին թեզերին։

Հիշեցնենք, որ Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի շրջանակում Փաշինյան-Ալիև փակ հանդիպումից հետո, ինչպես Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում, այնպես էլ՝ Արցախի Անվտանգության խորհրդի հետ համատեղ նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ինչպես մյունխենյան սկզբունքների, այնպես էլ՝ ձևավորված նոր բովանդակության, մյունխենյան հանդիպման շրջադարձայնության մասին։

Նիկոլ Փաշինյանն իր տված հարցազրույցում նշել էր, որ չկա տարածքների հարց, այլ կա անվտանգության հարց, և եթե լինի ընդունելի առաջարկ, հայ ժողովուրդը կկայացնի իր որոշումը։

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Մյունխենում կողմերից յուրաքանչյուրը հանրային դեբատի ընթացքում փորձեց վերահաստատել իր դիրքորոշումը, և դեբատի այդ հատվածում նոր բովանդակություն չերևակվեց։

Ըստ նրա՝ Ադրբեջանը հաստատեց այն բոլոր թեզերը, որոնք կրկնել էր նախկինում, և եթե կա այլ օրակարգ, բայց Ադրբեջանը նման թեզեր է կրկին ներկայացնում, դա այլ հարց է։ «Անվտանգությունը մշտապես եղել է ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր բաղադրիչը, և այդ անվտանգության ներքո կարգավորման շատ տարբեր ծրագրեր քննարկվել են, հաջողության չեն հասել, բայց պետք է նաև հասկանալ, որ կարգավորումը չի կարող լինել միայն մեկ կողմի հաղթանակ, մյուսի պարտություն, կարգավորումը ենթադրում է փոխզիջումներ, որոնց արդյունքում ձևավորվում է նոր անվտանգություն հակամարտության գոտում՝ վերահսկողական նոր մեխանիզմներով։ Կարծում եմ՝ այս առումով ոչինչ չի փոխվել, փոխվում են ձևակերպումները, կողմերը շահում են ժամանակ, զուգահեռաբար՝ պատրաստվում են պատերազմի»,- ասաց Վլադիմիր Եվսեևը։

Մյուս կողմից՝ նա նկատեց, որ հանդիպումների բովանդակությունը մնում է իսկապես փակ, ինչպես և ամրագրված էր ԵԱՀԿ ՄԽ և կողմերի հայտարարություններում, ուստի միանշանակ պնդումներ անել այդ հանդիպումների բովանդակության վերաբերյալ՝ դժվար է։ «Այնուամենայնիվ այս փուլը պատահական չէ, այս ընթացքում հակամարտող երկրներում ներքաղաքական գործընթացներ են զարգանում, և միայն դրանց հաջորդող փուլերում ավելի առարկայական միտումներ կնկատենք հակամարտության գոտում և կարգավորման գործընթացում։ Կողմերի պահվածքի վրա անդրադառնում են նաև հարևան գոտիներում ստեղծված բարդ հարաբերությունները, լարված օջախները, որն էլ հակամարտող կողմերին ստիպում է հնարավորինս խուսափել այս փուլում պատերազմից՝ ժամանակ շահելով»,- ասաց Եվսեևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել