Pastinfo.am-ը գրում է.

Դատախազությունը մերժել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Դեռ վերջնական որոշում չկայացրած, քննիչն արդեն միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու համար։ Շատ պարզ է, որ այս միջնորդության հիմքերը գնահատելու ցանկություն դատախազությունը չի էլ ունեցել»,- նշեց Խուդոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Թավադյանի համար երաշխավորել էին ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Օրեր առաջ դատարանը բավարարեց կալանավորումը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Իսկ դատախազությունը երկրորդ անգամ մերժում՝ նրա նկատմամբ երաշխավորություն կիրառելու միջնորդությունը. առաջինը ներկայացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ԶԼՄ ներկայացուցիչները՝ որպես հարգանքի դրսևորում իրենց գործընկերոջ նկատմամբ, պատրաստակամություն էին  հայտնել երաշխավորելու, որ պարոն Թավադյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ խոչընդոտ չի հանդիսանա քրեական գործի համար։ 2020թ. հունվարի 8-ին դատախազությունը մերժել էր երաշխավորության միջնորդությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել