«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ որոշել է այլեւս որեւէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել: Թերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է:

«Այո, դուրս եմ եկել, որեւէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի ես չեմ ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքս էլ չի ներում, առողջականս էլ չի ներում, տրամադրությունս էլ այդպիսին չի, վաղուց էի որոշել: Գնացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել, շատ նորմալ, շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել, ոչ մի հակասություն չի եղել: Հավատացե՛ք, ընդհարում չի եղել ու չի կարող լինել. եթե նման բան լիներ, ապա ես առաջինը դրա մասին կխոսեի: Ես ուղղակի վաղուց էի որոշել»:

Միեւնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը, կարծես թե, ընկճված էր եւ կոչ արեց մոռանալ իրեն, քանի որ ամեն ինչից հոգնել է: «Չեմ ուզում՝ որեւէ բան իմ մասին գրվի. դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են, սուտը, շանտաժը, զրպարտանքը շատ-շատ է, ինչ-որ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Չգիտեմ, հոգնել եմ այդ ամենից, այս չարախոսությունից, ուղղակի հոգնել եմ»,- հավելեց նա: Հավելենք, որ«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել