168.am-ը գրում է․

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 168TV «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ երբ իշխանությունները «Այո»-ի շտաբն էին ձևավորում, միգուցե մտածում էին, թե «Ոչ»-ի շտաբը կձևավորեն քաղաքական ուժերը՝ ՀՀԿ, ՀՅԴ և այլն, որոնց դեպքում, ըստ նրա՝ հեշտ կլիներ սևի և սպիտակի բաժանել. «Հիմա այդ կոորդինատային համակարգը չկա, որովհետև «Ոչ»-ի շտաբը քաղաքական ուժեր չեն ձևավորել և չի ստացվում միանգամից փոխել այդ տեխնիկան»:

Նրա կարծիքով՝ այս քարոզարշավի հիմքում իշխանության կողմից դրվել է մանիպուլյացիոն տեխնոլոգիա. «Մանիպուլյացիոն տեխնոլոգիաներն ազդում են մարդկանց ոչ թե ռացիոնալ, այլ իռացիոնալ մտածելակերպի կամ վարքի վրա, սա նշանակում է, որ քանի որ «Ոչ»-ի շտաբը ղեկավարում են իրավաբաններ, իրավապաշտպաններ, դժվար է նրանց սևացնելը: Հատկապես, երբ այնտեղ կա փաստաբան, որը պաշտպանել է վարչապետին, երբ նա այն ժամանակվա իշխանությունների կողմից հալածվում էր, և դժվար է ասել, որ այդ փաստաբանը սև է: Երբ չի աշխատում պարզ սև ու սպիտակը, փորձում ես վիրտուալ սև ու սպիտակ դարձնել՝ հենց մանիպուլյացիոն տեխնոլոգիաների արդյունքում: Արդեն սկսում ես նշել, որ ՍԴ դատավորները հին իշխանության բաստիոն են, խանգարում են երկրի առաջընթացին՝ չնշելով, թե ինչ բարեփոխումներ ես բերել, որ նրանք էլ խանգարում են: Սկսում ես լուսանկարներ տպել՝ հին, ավերված ճանապարհ, և ասել, թե դա «Ոչ»-ն է, իսկ «Այո»-ն նոր, բարեկարգված ճանապարհ է: Այսինքն՝ դու փորձում ես մարդկանց վիրտուալ գիտակցության մեջ ՍԴ դատավորներին նույնականացնել հին իշխանության ներկայացուցիչների հետ»:

Հարցին՝ ՍԴ-ն քանդված և բարեկարգված ճանապարհների համար պատասխանատու չէ, ինչի մասին վստահաբար գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, hետևաբար՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հասարակության կրթվածությունը, իմացությունն է ցածր գնահատում՝ տարածելով նման քարոզչանյութ, նա պատասխանեց. «Ոչ թե կրթվածությունը, այլ գիտակցությունը, որովհետև հասարակության այդ զանգվածի մեջ կան գիտությունների թեկնածուներ, դոկտորներ և այլն, բայց քաղաքական գիտակցությունն է ցածր: Նրանց անվանում են «պողոսներ», կամ որոշ գիտական անվանումներ կան՝ լյումպենացված զանգված, զոմբիացված զանգված, ցածր գիտակցություն ունեցող զանգված: Այո, դա ուղղված է հենց այդ ընտրազանգվածին, բայց խնդիրն այն է, թե այդ ընտրազանգվածի չափն արդյո՞ք 650 հազարի հիմա հասնում է»:

Հետաքրքրվեցինք՝ «Ոչ»-ի կողմնակիցները պնդում են, որ իրենք քարոզչության կարիք չունեն, քանի որ իրենց հայտարարությունները, կոչերն ուղղված են հասարակության գիտակից հատվածին, որոնք ի սկզբանե հասկանում են, որ հանրաքվեն հակաօրինական է, դա բավարա՞ր է հաղթանակ ունենալու համար: «Ո՛չ: Խնդիրը չպետք է ուղղված լինի գիտակից ընտրազանգվածին, քարոզարշավի նպատակն է հաղթանակ բերելը, որի մեջ կարող է մտնել և՛ գիտակից զանգվածի վրա աշխատելը, և՛ անգիտակից զանգվածից ինչ-որ մաս բերելը: «Ոչ»-ի հիմնական իմաստն այն է, որպեսզի «Ոչ»-ը հաղթի, իսկ դրա համար բազմաթիվ քայլեր կան: Իրենց թվարկածը կետերից մեկն է, բայց կան բազմաթիվ կետեր: Իշխանությունը երեք բան պետք է փորձի անել՝ «Այո»-ի հաղթանակին հասնելու համար՝ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառում, վարչական ռեսուրսի կիրառում, երրորդ՝ կան նաև տեսակետներ, որ պետք է թվերը նկարեն, որովհետև հանրաքվեին 850 հազար մասնակցություն, որից 650 հազարը՝ «Այո», դժվար է: Անգամ նախկինում, երբ ընտրողներին գումար էին բաժանում, շատ դժվար էր հարյուր-հազարավոր ձայներ ստանալ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Քաղտեխնոլոգն ընդգծեց. ««Ոչ»-ի գրագետ աշխատանքի դեպքում «Այո»-ն պարտվելու է, որովհետև «Այո»-ն չունի այն հստակ մոտիվացիան, որ կարողանա մարդկանց տանի տեղամաս: «Ոչ»-ը պետք է իր մեթոդոլոգիան դնի, եթե մասնակցի իշխանության խաղի կանոններին, պարտվելու է: Երկրորդ՝ ընտրատեղամասերում վերահսկողությունը պետք է լինի 100 տոկոսով, որովհետև կարող է նկարչություն լինել»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին, նա այսպես արձագանքեց. «Կա կապ չունի, «Ոչ»-ի ճամբարը կարող է դա հօգուտ իրեն օգտագործել»:

Նա նշեց, որ գործող իշխանությունն ընդգծված լիդերային կառույց է. «Այնտեղ կա վարչապետ՝ կա իշխանական թիմ, չկա վարչապետ՝ իշխանական թիմը մի վայրկյան հետո բաժանվելու է: Վարչապետը որոշեց այդպես՝ բոլորն անում են այդպես, վարչապետը որոշեց հակառակը՝ 88 հոգին ասում են՝ այո, պետք է հակառակը լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել