Հարավային Կորեայի Տեգուի քաղաքագլուխը քաղաքի 2,5 միլիոն բնակիչներին հորդորել է չհեռանալ տներից և այդ կերպ կասեցնել կորոնավիրուսի տարածումը՝ հաղորդել է Associated Press-ը:

Այդ հորդորով քաղաքագլուխ Քվոն Են Չժին հանդես է եկել Տեգուի բնակիչներին հղած հեռւստաուղերձում: Այդ քաղաքում, ինչպես նաև մերձակա բնակավայրերում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 35 նոր դեպք: Նա նաև քաղաքի բնակիչներին հորդորել է բժշկական դիմակներ կրել նույնիսկ շենքերի ներսում:

Բացի այդ՝ վիրուսի բռնկման կապակցությամբ քաղաքագլուխն անհապաղ օգնության համար դիմել է Հարավային Կորեայի ղեկավարությանը:

Կորեայի Հանրապետության Հիվանդությունների վերահսկողության և կանխման կենտրոնի տվյալներով՝ 35 հոգուց 28-ը, որոնց մոտ վարակ են հայտնաբերել, այցելել են նույն այն կրոնական հիմնարկությունը, ինչ որ ավելի վաղ հիվանդացած 61-ամյա կինը: Տեգուն գտնվում է Սեուլից 300 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում: Փետրվարի 20-ի դրությամբ Հարավային Կորեայում վիրուսով վարակվածների թիվը հասել է 82-ի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել