Facebook ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցցանցը, մտադիր է ստեղծել անկախ հսկիչ խորհուրդ, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան բողոքարկել սոցիալական ցանցի որոշումներն իրենց կողմից զետեղվող կոնտենտի վերաբերյալ: Այս հայտարարությամբ հանդես է եկել Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի խոսքը մեջբերում է Financial Times թերթը։

«Այնպիսի ընկերություններ, ինչպիսին իմն է, նույնպես ավելի հանգամանալի հսկողության կարիք ունեն, երբ խոսքը վերաբերում է մեր կողմից ընդունված որոշումներին, ուստի մենք ստեղծում ենք անկախ հսկիչ խորհուրդ, որպեսզի մարդիկ կարողանան բողոքարկել Facebook-ի կոնտենտի վերաբերյալ որոշումները»,-նշել է Ցուկերբերգը: Տեխնոլոգիական ընկերությունները, նրա խոսքով, պետք է ծառայեն հասարակությանը, ինչը որոշակի պատասխանատվություն է դնում նրանց վրա: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը եւ ընկերություններին պատասխանատվության ենթարկել նրանց կողմից կատարվող սխալների համար: «Եթե մենք չստեղծենք ստանդարտներ, որոնք մարդիկ համարում են օրինական, նրանք չեն վստահի հաստատություններին կամ տեխնոլոգիաներին»,- հավելել է նա:

Ներկայում, ինչպես նշում է Ցուկերբերգը, Facebook-ն արդեն ավելի հանգամանալի հաշվետվություններ է հրապարակում վնասաբեր կոնտենտի վերաբերյալ, քան ցանկացած այլ խոշոր ինտերնետ-հարթակ:

Փետրվարի 17-ին եվրակոմիսար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է սահմանափակիչ միջոցներ կիրառել սոցիալական ցանցերի եւ հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն կոնտենտի վերահսկումից եւ զտումից՝ ստահոդ տեղեկատվության, ատելություն բոբոքող կոչերի եւ եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքների հեռացման նպատակով: «Եթե Եվրոպայի շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, մենք (Եվրահանձնաժողովը) հարկադրված կլինենք ձեռնարկել ավելի խիստ միջոցներ, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել