Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքն ալկոհոլիզմը համարել է իր ամուսնալուծության և Բեթմենի դերից հրաժարվելու պատճառը: Նա այդ մասին պատմել է The New York Times-ին տված հարցազրույցում: Դերասանի խոսքով, ալկոհոլից կախվածությունը կործանեց իր ամուսնությունը և կարիերան: Աֆլեքը դրա դեմ պայքարում էր վերջին 20 տարվա ընթացքում: 47-ամյա դերասանը պատմել է, որ կյանքում ամենից շատ ափսոսում է իր կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Հառներից, բաժանվելու համար: Նա նշել է, որ ամաչում էր իր վարքի համար, ինչն էլ ավելի շատ էր տանջում իրեն: Մինչդեռ ամուսնալուծությունից հետո, 2015-2016 թվականներին Աֆլեքը, իր խոսքով, սկսել է ավելի շատ խմել:

Նաեւ դերասանը հարցազրույցում պատմել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներն ազդել են այն բանի վրա, որ ինքը հրաժարվել է Բեթմենի դերից: Դերասանը հավելել է, որ մեղավոր է զգում երեք զավակների՝ 14-ամյա Վայոլեթի, 11-ամյա Սերաֆինայի եւ 7 տարեկան որդու՝ Սեմյուելի առջեւ: Նա ասել է, թե չէր ցանկանա, որ նրանք համացանցում դիտեին իր մասին պատմող տեսանյութը, որտեղ ինքը հարբած վիճակում է: Աֆլեքը նաեւ պատմել է «Խաղից դուրս» ֆիլմի մասին, որում նա մարմնավորում է բասկետբոլի մարզիչ Ջեկ Քաննինգհեմին, որը պայքարում է ալկոհոլիզմի դեմ:

Անցած տարվա հոկտեմբերին Աֆլեքը հայտնվել էր մի տեսանյութում, որտեղ նա սաստիկ հարբած վիճակում է: Այդ ժամանակ նշվել էր, որ դերասանը տեւական ժամանակ պայքարում է ալկոհոլային կախվածության դեմ: Նա քանիցս հայտնվել է վերականգնողական կլինիկաներում: Աֆլեքը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անհետացած կինը», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Փեռլ-Հարբորը», «200 սիգարետ», «Արմագեդոն», «Դոգմա» եւ «Աղջիկը՝ Ջերսիից» ժապավենները, ինչպես նաեւ Բեթմենին է մարմնավորել ըստ DC-ի կոմիքսների նկարահանված մի քանի ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել