Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների և դրա հետ կապված գործընթացների մասին զրուցել է ամերիկացի իրավաբան, գրող, պատմաբան, մարդու իրավունքների և միջազգային օրենքի մասնագետ, ՄԱԿ-ի պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյա Ալֆրեդ դե Զայասի հետ:

-Պարոն դե Զայաս, Հայաստանը պատրաստվում է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Դա, շատ քաղաքական վերլուծաբանների կարծիքով, փորձ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` հեռացնելու Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք ընդդիմադիր են իրեն: Ընդհանուր առմամբ` Դուք ի՞նչ տպավորություն եք ստանում` հետևելով Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողին:

-Դուք ցանկանում եք, որ Սահմանադրությունը լինի կայուն և մշտապես հարգվի, սակայն պետք է հաշվի առնեիք, ձեզ մոտ տեղի ունեցած հեղափոխությունից և փոփոխություններից հետո շատ սահմանադրությունների պես հարկավոր էր զարգացնել նաև ձեր Սահմանադրությունը: Իսկ Վենետիկի հանձնաժողովի խորհրդին հետևելը ամենևին վատ գաղափար չէ: Հենց դա էլ առաջարկում էին ԵԽԽՎ հայաստանյան համազեկուցողերը: Վենետիկի հանձնաժողովը տալիս է միայն խորհուրդ, ինչը պարտադրող ոչինչ չի ենթադրում: Եթե կառավարությունն անհամաձայնություն ունի Վենետիկի հանձնաժողովի հետ, դա չի նշանակում, որ այն չի կարող շարունակել հանրաքվեի գործընթացը:

Ես միշտ հավատացել եմ, որ օրենքի միջոցով իրականացվող ժողովրդավարությունը հույսեր է ներշնչում, ինչպես և հանրաքվեի միջոցով իրականացվող ժողովրդավարությունը, քանի որ այդպես կարողանում ես իմանալ մարդկանց կարծիքը: Իհարկե, մեդիայի շնորհիվ նրանք հաճախ մանիպուլյացիաների են ենթարկվում, բայց շատ կարևոր է, որ հասարակության (իհարկե ոչ 25 տոկոսը, որն ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշն է) 50 տոկոսը, օրինակ, մասնակցում է հանրաքվեին և արտահայտում իր դիրքորոշումը: Դա, իրապես, մասնակցություն է, ուստի կարևոր է, որ դուք, մարդկանց ներգրավելով, դարձնեք նրանց այդ գործընթացների մասնակիցը:

-Արդյոք նպատակահարմա՞ր է հանրաքվեն անցկացնել Սահմանադրության միայն մի քանի կետեր փոխելու համար:

-Սահմանադրությունը չպետք է փոխվի ամեն օր: Սակայն իմանալու համար՝ ինչ են մարդիկ իրականում ցանկանում` ավելի լավ կամ օրինական է նախ հանրաքվե անցկացնելը և միայն դրանից հետո Ազգային ժողովի կողմից հասնել համապատասխան օրենքի ընդունմանը: Ազգային ժողովը ներկայացնում է հասարակությունը: Բայց ներկայացուցիչը ոչ բոլոր դեպքերում է հանդես գալիս իր ընտրազանգվածի ցանկությունը ներկայացնող: Եթե լիներ, օրինակ, այնպիսի մարմին, ինչպիսին սահմանադրական ժողովն է, այն ավելի մոտ կլիներ իր ընտրազանգվածին, քան Ազգային ժողովի ընտրված պատգամավորներն են:

Ես զգում եմ, որ դուք վստահություն եք տածում Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, սակայն խորհուրդ ստանալու համար կարող եք դիմել նաև Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարին: Ձեզ նախ և առաջ, հարկավոր է հաստատել ժողովրդավարություն, հասնել նրա հետագա զարգացմանը: Մենք այստեղ ունենք խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն, որոնց կարող ենք հասանելի դարձնել ձեզ: Ունենք նաև զեկուցող և Հայաստանի հարցերով դիտորդական առաքելություն իրականացնող անձ, որը Ստրասբուրգում է: Բացի այդ, կա նաև դատավորների և առհասարակ իրավաբանների անկախության հարցերով զբաղվող զեկուցող. այդ պաշտոնն այս պահին զբաղեցնում է պերուացի Դիեգո Գարսիա-Սայանը, որին ես լավ գիտեմ: Նա նույնպես կարող է այդ առնչությամբ հրապարակել իր կարծիքը՝ այն դիտարկելով հրատապ հարց: Ես հետևում եմ այդ ամենին, և շատ հետաքրքիր եմ համարում Երևանում տեղի ունեցող զարգացումները:

Վենետիկի հանձնաժողովը, ինչպես գիտեք, նախկինում արդեն ոչ պակաս, քան 120 կարծիք է հրապարակել: Ուստի, նրա փորձը մեծ է: Դրանց հեղինակները միջազգային իրավունքի և սահմանադրական իրավունքի պրոֆեսորներ են, ինչպես նաև` նախկին դատավորներ, որոնք անկախ գործունեություն են ծավալել Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում (հանդես չգալով սեփական երկրների կառավարության անունից): Ուստի, հարկադրված այս գործողություններին` պետք է որևէ կերպ անդրադառնալ, սակայն չլինելով հայ և չհանդիսանալով շահագրգիռ անձ այս գործընթացում, ինձ համար դժվար է կողմերից որևէ մեկին սատարելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել