168.am-ը գրում է․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 18-ին, գրանցել է ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմը: ԿԸՀ-ն ստացել էր «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ: 168.am-ը զրուցել է «Ոչ» կողմի լիազոր ներկայացուցիչ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, ի՞նչ ուղղությամբ է տարվելու «Ոչ»-ի քարոզչությունը:

– Այստեղ թյուրիմացություն կա, և ես անընդհատ ստիպված եմ դա պարզաբանել: Խնդրում եմ ուշադիր թերթել մեր հայտարարությունը, որի հիման վրա հենց իրավաբաններից բաղկացած այս խումբը ձևավորվել է, որի հիման վրա մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ստացել ենք գրանցում: Ամբողջ հարցն այն է, որ դասական առումով քարոզչության հանձնառություն մենք հանրության առջև չենք էլ ստանձնել:

Մենք իրականացնում ենք «Ոչ»-ի քարոզչության հանրային պաշտպանություն: Դա նշանակում է, որ մենք առաջինը պատրաստ ենք հարթակ տրամադրել այն մարդկանց, որոնք քաղաքական խոսք ունեն ասելու մեր հանրությանը «Այո»-ն բացառող տիրույթում: Եվ երկրորդը, որ այս պահին գնալով ավելի կարևոր է դառնում նկատվող խախտումների լույսի ներքո, վերահսկողական մեխանիզմներ կիրառելու, այն պարզ պատճառով, որ, օրինակ, վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ նշանակելու իրավունք կարող է ունենալ միայն պաշտոնապես որպես «Ոչ» քարոզչության կողմ գրանցված միավորը: Եվ սա է եղել մեր առաջարկը հանրությանը: Ասել, որ մենք պատրաստվում ենք իրականացնել դասական առումով քարոզչություն, դա իրականությանը չի համապատասխանում, և մենք երբեք այդպիսի հանձնառություն չենք ստանձնել: Մենք պատրաստ ենք լինել հարթակ և մենք ստիպված ենք անընդհատ դա կրկնել:

– Ճի՞շտ հասկացա, որ Դուք չեք նախատեսում, օրինակ, քաղաքացիների հետ ուղիղ շփումներ, այցեր մարզեր, կամ քաղաքով շրջել:

– Դուք նշում եք դասական քարոզչության գործիքակազմ: Ես ի սկզբանե ասացի, որ դասական քարոզչություն մենք իրականացնել չենք պատրաստվում, որովհետև մեր հանձնառությունը եղել է հարթակ տրամադրելը:

– Ինչպե՞ս եք պատրաստվում տրամադրել այդ հարթակը, ինչպե՞ս եք ստանձնելու «Ոչ»-ի քարոզչության հանրային պաշտպանությունը:

– Շատ պարզ: Արդեն կան օրենքով նախատեսված որոշակի հնարավորություններ:Եթե կան մարդիկ, ովքեր, օրինակ, կուզենան այդ հնարավորություններից օգտվել, նրանք մեր տեղը շատ լավ գիտեն: Խոսքը վերաբերում է վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին՝ վերահսկողական կարգով: Իսկ խոսքը տեղ հասցնելու մասով՝ խոսքը անվճար եթերաժամերի մասին է, եթե մարդիկ պատրաստ են նաև ապահովել ֆինանսավորումը և վճարովի եթերաժամեր ապահովել, նույնիսկ դա կարող է քննարկման առարկա դառնալ:

Ի դեպ, մենք մինչև այս պահն անգամ ընտրական հիմնադրամ չենք բացել: Եվ մինչև այս պահը անգամ դրա կարիքը չկա, որովհետև դուք տեսնում եք, թե մեր հանձնառությունն ինչպիսին է, և սա ենք մենք առաջարկել հանրությանը, որովհետև մենք անթույլատրելի և անընդունելի ենք համարում, որ ցանկացած, այդ թվում՝ հակասահմանադրական գործընթացի, հանրաքվեի ընթացքում չլինի երկրորդ կողմ, և մենք այդպես էլ չկարողանանք իմանալ, թե ինչ է կատարվել, և հնարավոր չլինի հանրային վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ:

– Ի՞նչ եք կարծում, Ձեր այդ «պասիվ» գործելաոճն ինչքանո՞վ կօգնի այս գործընթացին կամ նրան, որ, օրինակ, քաղաքացիները գիտակցեն, թե ինչի՞ են գնալու ապրիլի 5-ին:

 Կան քաղաքական ուժեր, որոնք այս գործընթացում կարող են իրենց խոսքն ասել: Մենք քաղաքական միավոր չենք, քաղաքական հայտ չենք ներկայացրել, և, եթե այդ քաղաքական ուժերը կցանկանան օգտվել օրենքով նախատեսված հնարավորություններից, մենք այդ հարթակը նրանց կտրամադրենք: Սա է մեր ուղերձը: Եվ այս տեսանկյունից այն, ինչի մասին դուք ասում եք, մեր համար վստահաբար առաջնային չէ: Մեր հանձնառությունը շատ հստակ արտահայտել ենք մեր 2 հայտարարությունում, որոնք ըստ էության նույնական են, ինչպես նաև մեր նախաձեռնող խմբի անդամների հրապարակային խոսքում: Մենք ցանկանում ենք, որպեսզի ընկալելի լինի հանրության համար մեր դերը: Եվ այն, ինչի մասին դուք հարցնում եք, դա այլ գործունեություն իրականացնողների առաջնային խնդիրն եմ համարում:

Ամեն դեպքում որևէ մեկը երբեք չի կարողանա մեր պետությանը մեղադրել նրանում, որ հնարավորություններ տրված չեն եղել, և վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու հնարավորություն նույնպես տրված չի եղել: Մենք դրա հնարավորությունը տալիս ենք, պատրաստ ենք տալ և գտնում ենք, որ դա շատ կարևոր է՝ պետական շահի տեսանկյունից:

Մենք բազմիցս մեր իրավական դիրքորոշումները հայտնել ենք, իրավունքի տեսանկյունից մենք դա համարում ենք հակասահմանադրական, մեր խմբի անդամների մեծ մասը եղել է այն 132 իրավաբանների թվում, որ խնդրագրով դիմեց հանրապետության նախագահին՝ խնդրելով չնշանակել հանրաքվե, և այդ փաստարկները ներկայացված են, անընդհատ ներկայացվում են, և վստահ էլ չենք, որ այդ մասին անընդհատ անհրաժեշտ է խոսել: Որքան հարկն է՝ խոսել ենք, էլի կխոսենք այդ իրավական նրբությունների մասին, բայց մնացածը, կարծում եմ, քաղաքական դերակատարների խնդիրն է, և նրանք պետք է ունենան հնարավորություն: Մեր նախաձեռնության նպատակը հնարավորության ընձեռումն է:

– Մի քանի օր է՝ Դուք, կարելի է ասել, հայտնվել եք թիրախում, Ձեզ անընդմեջ քննադատում են, «նախկիններ» են անվանում: Սա չի՞ խանգարում Ձեր գործունեությանը:

– Բացարձակ: Մենք քաղաքական տիրույթում չենք գործում, ես քաղաքական հայտ ներկայացնելու որևէ ցանկություն չունեմ, և այդ տեսանկյունից՝ չեմ կարծում, որ դա ինչ-որ տեղ տանող ճանապարհ է: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են վիրավորանքով, զրպարտությամբ, պիտակավորումներով ինչ-որ բանի հասնել, եթե թիրախ ընտրել են անձամբ ինձ, եթե դրանից իրենց լավ են զգալու, խնդրեմ: Սա՝ առաջին:

Եվ երկրորդ, սա նաև ցույց է տալիս այն պարզ իրողությունը, որ մեր իշխանությունների համար շատ կարևոր է ունենալ թիրախ: Եվ սա պետք է անհանգստացնող լինի մեր հանրության առողջ հատվածի և միջազգային հանրության համար: Մարդիկ արհեստական թիրախներ են ստեղծում և փորձում են այդ թիրախներին հարվածել:

Անձամբ ինձ համար դա խնդրահարույց չէ, որովհետև քաղաքական գործունեություն իրականացնելու ցանկություն ես չունեմ, իսկ այս գործընթացի արդյունքում պիտակավորումները ոչ մի գրամ չեն ազդում մասնագիտական իմ գործունեության վրա և չեն էլ կարող ազդել:

– Դուք հիմա է՞լ եք վստահ, որ ճիշտ որոշում եք կայացրել «Ոչ» քարոզչական կողմ ձևավորելու հարցում:

– Միանշանակ: Ոչ միայն պարզապես վստահ եմ, այլև գնալով իմ վստահությունն ամրապնդվում է, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ մեզ հետ կապվում են՝ առաջարկելով իրենց օգնությունը՝ հատկապես ընտրությունների վերահսկման մասով՝ որպես վստահված անձինք, որոշ դեպքում՝ որպես հանձնաժողովի անդամներ: Այդ գործառույթը որևէ մեկն իրականացնել չէր կարող, եթե այդպես էլ «Ոչ»-ի քարոզչական կողմը չձևավորվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել