ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վատագույն սցենարը կլինի, եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ՝ տեղեկացնում է RIA Novosti-։

«Եկեք առայժմ զերծ մնանք վատագույն սցենարներից»,- ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն ինչպես է պատրաստվում արձագանքել այն իրադրությանը, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում: «Եթե խոսքը վերաբերում է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն է»,- հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է: «Թուրքիան ավարտել է պատրաստությունը, որպեսզի իրագործի Իդլիբին վերաբերող իր ծրագրերը, ինչպես մենք դա անում էինք նախորդ գործողությունների ժամանակ: Անկեղծ ասած, Իդլիբում գործողությունը սոսկ ժամանակի հարց է: Թուրքիան Իդլիբը չի թողնի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) կամայականությանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ խորհրդարանում ելույթ ունենալով իր կուսակիցների առջև։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել