Pastinfo.am-ը գրում է.

Առաջին անգամ չէ, որ ՀՔԾ-ն առարկություն է ներկայացրել հսկող դատախազի որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու գործով հսկող դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի առարկությանը։ 

«Դեկտեմբեր ամսին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, երբ 300-րդ հոդվածով դատախազի կողմից կայացվել էր վերադարձնելու որոշում, այսինքն՝ մեղադրական եզրակացությունը չէր հաստատվել, այդ ժամանակ ևս ՀՔԾ-ն առարկություններ էր ներկայացրել վերադաս դատախազին»,- նշեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ վերադաս դատախազը ոչ միայն միացել էր հսկող դատախազի որոշման պատճառաբանությանը, այլև՝ որակապես և հիմնավոր կերպով զարգացրել այն՝ գտնելով ՀՔԾ քննիչի առարկությունն ակնհայտ անհիմն։

«Իմ կողմից ներկայացված ցանկացած միջնորդություն ՀՔԾ կողմից մերժվում էր և ձևակերպումը «ակնհայտ անհիմն» մշտապես շրջանառվում ՝ իբրև մի հատուկ երևույթ։ Ուզում եմ տեղեկացնել, որ համանման հիմնավորմամբ մերժվել էր առարկությունը՝ հսկող դատախազի վերադասի կողմից»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն առարկության մերժման որոշմամբ չէր բավարարվել և փորձել է առարկություն ներկայացնել Գլխավոր դատախազին, այն պարագայում, երբ Քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ սահմանված չէ, ինչի հետևանքով այն վերադարձվել էր։
Ինչ վերաբերում է ՍԴ լիազորությունների յուրացմանն, ապա Վարդևանյանը նշեց, որ ՍԴ լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որոնք սպառիչ են։

«ՍԴ լիազորությունների մեջ չի եղել և երբեք, առնվազն այս խմբագրության Սահմանադրության պայմաններում, չի կարող լինել ՍԴ նախագահի ընտրությունը։ ՍԴ նախագահի ընտրությունն իրենից ենթադրում է ընթացակարգ և ՍԴ դատավորի յուրաքանչյուրի իրավունք՝ առաջադրվելու և ընտրվելու»,- նշեց Վարդևանյանը՝ շեշտելով, որ իրավունքի տեսության համաձայն՝ ընտրվելը չի կարող լինել լիազորություն։

«ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՍԴ նախագահի լիազորության, ՍԴ նախագահի ընտրության մասով և հենց այս հիմքով էլ դատախազությունը չի հաստատում մեղադրանքը, որովհետև ուղղակի նման հիմքով չի կարող հաստատվել։ Այդ ժամանակ պետք է ՀՀ-ն լինի աշխարհի միակ երկիրը, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունը ներկայացվում է ամբողջ ՍԴ-ի լիազորությունը»,- ասաց Վարդևանյանը։

Վերջինս ընդգծեց, որ ծանոթացել է Դատախազության հաղորդագրությանը, որը վերաբերում էր արարքի որոշակի այլ հատկանիշներով որակմանը, ապա ամբողջ խնդիրը կառուցված է «Ազգային ժողովի կանոնակարգ» հին և նոր սահմանադրական օրենքի կիրառելիության հարցի շուրջ, որտեղ Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես իրավաչափ։

«Վստահաբար կարող եմ ասել, որ Արա Բաբլոյանի գործողություններում չի եղել և չէր կարող լինել ոչ իրավաչափ գործողություն»,- նշեց Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է կեղծիքին, ապա Վարդևանյանն ասաց, որ «Մալբերի» համակարգը երեկոյան ժամը 18։00-ից հետո չի գործում և այդ ժամից հետո մուտք եղած փաստաթուղթը «Մալբերի» չի կարող մուտքագրվել։

Պաշտպանը նաև ընդգծեց, որ այդ ժամանակ կիրառվել է նոր՝ ներկայումս գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` ցուցում տալով փոխել Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները, այն է՝ ՍԴ լիազորությունները տիրանալու համար առաջադրված մեղադրանքի փոխարեն մեղադրանք առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

ՀՔԾ քննիչը չէր կատարել ցուցումը եւ դրա դեմ առարկություն ներկայացրել, ինչը դատախազն արդեն մերժել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել